20 մայիս, 2020 12:56

Ռուբեն Հայրապետյանն ու նրա որդին նոր գործով ներգրավվել են որպես մեղադրյալ. փաստաբան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նոր քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և հրավիրվել Քննչական կոմիտե՝ հարցաքննության․ այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Մակինյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանին երկու օրվա ընթացքում երկու ծանուցագիր է ուղարկվել՝ կարգավիճակը փոխելով վկայից մեղադրյալի: 

«Հայրապետյանին առաջին ծանուցագիրն ուղարկվել է մայիսի 16-ին, որպեսզի մայիսի 18-ին ներկայանա հարցաքննության, որն անհնար է, քանի որ իմ վստահորդը մարտի 16-ից գտնվում է արտերկրում, և ավիահաղորդակցություն չկա», - պարզաբանեց Մակինյանը՝ նշելով, որ այդ մասին տեղեկացրել է նաև վարույթ իրականացնող մարմնին:  

Փաստաբանն առաջարկել է ՔԿ-ին հեռավար տարբերակով իրականացնել հարցաքննությունը, սակայն այդ տարբերակը չի դիտարկվել:

«Երկու օրվա մեջ երկու ծանուցուգիր է ուղարկվել և մարդու կարգավիճակը վկայից մեղադրյալի փոխելը բավարար է ասելու համար, որ գործողությունների նպատակը հետևյալն է՝ ֆիքսել, իբրև թե մարդը չի ներկայանում քննության», - ասաց Մակինյանը՝ նշելով, որ կատարվող գործողությունները «պարունակում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու տարրեր»։

Մակինյանը որոշ տեղեկություններ փոխանցեց նոր հարուցված քրեական գործի մասին։ Փաստաբանի խոսքով՝ 2016 թվականին «Հարսնաքար» ռեստորանի տնօրենը, «օգտվելով Հայրապետյանի՝ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց սեփականատերերի գիտության խարդախություն է կատարել՝ ընկերության վարկային միջոցներից սեփական կարիքների համար 57 մլն դրամ է կանխիկացրել»:

«Սույն անձն այդ գումարներով հիմնադրել է սեփական ընկերությունը, ավտոմեքենաներ է ձեռք բերել և այլն: Հայրապետյանը Հայաստան վերադառնալուց հետո բացահայտել է կատարվածն ու հետ պահանջել գումարը: Դրա որոշակի մասը վերադարձված է, իսկ տնօրենն ազատվել է աշխատանքից», - պատմեց Մակինյանը՝ տեղեկացնելով, որ Հայրապետյանի որդուն ևս հարցաքննության կանչելու ծանուցագրեր են ուղարկել: Նրան ևս քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ:

Փաստաբանի հավաստմամբ՝ Հայրապետյանն «արդարադատությունից թաքնվելու նպատակ չունի և կվերադառնա Հայաստան, երբ վերագործարկվեն չվերթները»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության համար: 

#ՍիվիլՆեթ #Լուրեր