21 մայիս, 2020 14:50

Լանզարոտեի կոնվենցիան տարրական դասարաններում սեռական կրթության ծրագրի պահանջ չի պարունակում. պարզաբանում

Լանզարոտեի կոնվենցիան տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ չի պարունակում. այս մասին ասված է արդարադատության նախարարության պարզաբանման մեջ։

«Լանզարոտեի կոնվենցիան սեռական կրթության ստանդարտներ չի սահմանում և, ընդհանրապես, միտված է երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու նպատակին, ուստի այս առումով կանխարգելումը կարևոր նշանակություն ունի», - ասված է պարզաբանման մեջ։

Նախարարությունը նշում է, որ ըստ կոնվենցիայի՝

-     երեխաների հետ թե սեռականության հարցերի և բռնության ենթարկվելու ռիսկերի մասին խոսելն ու կրթելը ծնողների առաջնային պարտականությունն է, և մանկավարժների հետ համագործակցված այս դաստիարակությունը կարող է լինել արդյունավետ,

-     Սեռական բռնության ենթարկվելու մասին վտանգները, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները պարտադիր չէ, որ դառնան ֆորմալ կրթական ծրագիր,

-     առավել կարևոր է, որ այդ տեղեկությունները երեխաներին տրամադրվեն ըստ անհրաժեշտության սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, իրենց տարիքին, հասունությանը և ընկալման կարողությանը համապատասխան։

«Ուստի, տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ կոնվենցիան չի պարունակում։ Ինչ վերաբերում է շահարկվող այսպես կոչված «եվրոպական չափանիշներին», որը պարզվեց փորձագիտական մի առաջարկ է ուղղված պետություններին, ապա մտահոգությունները փարատելու համար կրկին ժխտում ենք թե՛ դրանց կապը կոնվենցիայի հետ և թե՛ դրանց կիրառելիության հնարավորությունը մեր երկրում»,- ասված է պարզաբանման մեջ։

Լանզարոտեի կոնվենցիայի մասին ավելին՝

Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության կոնվենցիա․ ինչ է պետք իմանալ