21 մայիս, 2020 10:46

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 21-ի նիստում հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված «մեր գործերը լավ չեն»՝ հայտնելով մայիսի 20-ին տվյալները:

«Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք և 70 մահ (խոսքը մահերի ընդհանուր քանակի մասին է – խմբ.)», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ հանրության շրջանում զարմանալի լուրեր են շրջանառվում կորոնավիրուսի համավարակի հետ կապված:

«Հանրության շրջանում նույնիսկ քննարկվում է, իբր կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, և դա ունի ոնկրետ բացատրոթյուն: Իբր դա արվում է միջազգային օգնություն ստանալու համար, ու դրա համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը», - նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հայտնաբերման առաջին իսկ օրվանից կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկատվություն չի հաղորդել: Ավելին՝ «կառավարությունն իր ողջ գործունեության ընթացքում որևէ մանիպուլյատիվ տեղեկություն չի փոխանցել հանրությանը»:

«Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների», - ասաց վարչապետը՝ նշելով, որ այս փուլում կառավարությունը պետք է կարողանա կարանտինային պայմաններ ապահովել՝ առանց կարանտին հայտարարելու:

«Ըստ էության մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի», - ասաց նա՝ նկատելով, որ քաղաքացիները արդարացիորեն նկատում են, որ թեպետ պարետատունը փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադրանք է սահմանել, սակայն կառավարության քննարկումների ժամանակ այդ կանոնը չի պահվում:

«Սա շատ արդարացի դիտարկում է: Պետական կառավարման մարմիններում մարդիկ առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատել է, որ տաքսիների մեջ, որը նույնպես փակ տարածք է, ոչ ուղևորները, ոչ էլ վարորդները չեն պահում դիմակներ կրելու կանոնը:

«Մեր տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն պարետատան սահմանած կանոնները չպահպանող ընկերությունների ու իրավաբանական անձանց նկատմամբ: Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է: Պետք է պահել սոցիալական հեռավորություն, իսկ եթե դա հնարավոր չէ, անպայման կրել դիմակ բաց տարածքներում», - ասաց նա՝ կոչ անելով քաղաքացիներին «փչացած հեռախոսի ենթակառուցվածքով» կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր չտարածել: