22 մայիս, 2020 12:23

Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ, մեր խնդիրն այս մթնոլորտն ավելի զարգացնելն է․ Փաշինյանը՝ Հարությունյանին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:

«Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: Եվ իհարկե շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի»,- ըստ ՀՀ վարչապետի կայքի՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ: Նորից շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման եւ արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր: Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարևորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն: