22 մայիս, 2020 15:54

ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում Հայրապետյանի գործից, փաստաբանը հերքում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն արձագանքել է իր վստահորդի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ նշելով, որ գործում «փաստական տվյալի նշույլ անգամ չկա»:

Համաձայն ՔԿ-ի մամուլի ծառայության՝ Ռուբեն Հայրապետյանն իր որդու ու այլ անձանց հետ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կիրառել է բռնություն, զրկել նրան ազատությունից՝ 2016 թվականին Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացած 52 մլն դրամի վարկային միջոցների վերադարձման նպատակով:

ՔԿ-ից հայտնում են, որ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենը 52 մլն դրամ վարկի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Մնացած 30 մլն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները:

Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը վստահ է, որ գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է ««Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում Հ.Շ-ի (Հայկ Շահնազարյանի) կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը, կամ Հայկ Շահնազարյանին ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլ…»

Իսկ թե առանց փաստերի Քննչական կոմիտեն ինչու է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, Մակինյանի խոսքով, դժվար չէ կռահել. «Ասելը մի բան է, հիմնավորելը՝ այլ…»

Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին ներգարվել է որպես մեղադրյալ ինքնիրավչության, անձին ազատությունից զրկելու և շորթման հատկանիշներով: Երկուսն էլ, համաձայն Ամրամ Մակինյանի, գտնվում են արտասահմանում և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեն կարող արագ վերադառնալ Հայաստան, քանի որ չվերթներ չեն իրականացում:

«Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան», - հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է նաև, որ մայիսի 19-ին Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է վարույթն իրականացնող քննիչին և հայտնել, որ տեղյակ է ծանուցագրով իրեն Քննչական կոմիտե հրավիրելու մասին, սակայն գտնվում է Մոսկվայում, ցանկանում է վերադառնալ, բայց ավիահաղորդակցության բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ:

Մեկ օր անց՝ մայիսի 20-ին, ՔԿ-ն դիմել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն և խնդրել՝ աջակցել Հայրապետյանին վերադառնալու Հայաստան, քանի որ դեսպանությունն է կազմակերպում ՀՀ քաղաքացիների վերադարձը: 

#ՍիվիլՆեթ #Լուրեր