24 մայիս, 2020 00:24

Երևանում ափսոսանք են հայտնել Արսեն Թորոսյանի հայտարարությունների առնչությամբ, ասել է Վրաստանի ԱԳ նախարարը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ օրերս արած հայտարարություններն արժանացել են վրացական կողմի քննադատությանը։ Հանրային խորհրդի առցանց քննարկմանը Արսեն Թորոսյանը, մասնավորապես, ասել է, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ Վրաստանով Հայաստան ժամանած վրացի վարորդներ վարակված են լինում կորոնավիրուսով։ Նա նկատել է՝ Հայաստանի և Վրաստանի միջև կա մեթոդաբանության տարբերություն, միևնույն ժամանակ, ընդունել, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ ու խսիտ են իրականացվում։

ՀՀ առողջապահության նախարարին հակադարձել են Վրաստանի ամենատարբեր շրջանակներից, հայտարարությամբ է հանդես եկել նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

«Հայկական կողմը ափսոսանք է հայտնել առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ոչ ճիշտ մեկնաբանված հայտարարությունը անհանգստացրել է վրաց գործընկերներին»,- հայտարարել է Զալկալիանին։

ԱԳ նախարարի խոսքով՝ վրացական կողմը «դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ է պահանջել Հայաստանի համապատասխան պետական գերատեսչություններից»։

«Իհարկե, մեղմ ասած, դա շատ անտեղին էր հարևան և բարեկամ երկրի հանդեպ, այդ թվում՝ պաշտոնատար այնպիսի անձանց կողմից, ինչիպիսին է առողջապահության նախարարը»,- ասել է Զալկալիանին։ Նա հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը իր դիրքորոշումը հայտնել է Երևանում Վրաստանի դեսպանության միջոցով։

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն Թորոսյանի հայտարարությունները որակել է «ոչ դիվանագիտական»։

Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն ներողություն է ակնկալում և հրավիրել է Արսեն Թորոսյանին «ծանոթանալու վրաստանյան փորձին»։