25 մայիս, 2020 15:03

Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 17,2 տոկոս անկում է գրանցել. Վիճակագրական կոմիտե

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցել է շեշտակի՝ 17,2 տոկոս անկում․ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Համաձայն այդ տվյալների՝ ապրիլ ամսին շեշտակի կրճատվել է շինարարության ծավալը՝ 51%, առևտրի շրջանառությունը՝ 33%, ծառայությունների ծավալը՝ 16%: Շեշտակի կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը. արտահանումը՝ 30%-ով՝ կազմելով 146 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 27,4%-ով` կազմելով 297 մլն դոլար: Արդյունաբերական արտադրանքի ծավալն ապրիլ ամսին անցյալ տարվա ապրիլի համեմատ կրճատվել է 8,6%-ով:

Չնայած տնտեսական ակտիվության ցուցանիշի շեշտակի անկմանը՝ ապրիլ ամսին, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, աճել են աշխատավարձերը: Միջին ամսական աշխատավարձն աճել է 9,8%-ով, որից պետական հատվածում աճը կազմել է 5,1%, իսկ ոչ պետական հատվածում՝ 12,8%:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է -1,7% անկում: Շինարարության ծավալը կրճատվել է 22%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8,6%, իսկ ծառայությունների ծավալը գրանցել է գրեթե զրոյական աճ՝ 0,1%: Արտահանումը կրճատվել է 8,1%-ով, ներմուծումը՝ 11,5%-ով:

Նշենք, որ այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին Հայաստանում, ինչպես և աշխարհի շատ երկրներում, կորոնովիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով հայտարարվեց արտակարգ դրություն և կիրառվեցին խիստ ոլորտային սահմանափակումներ:

#ՍիվիլՆեթ #Լուրեր