26 մայիս, 2020 10:31

Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի բարդ ճամփան դեպի համագործակցություն

Մայիսի 25-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած  «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Թե՛ Հարությունյանը, թե՛ Բաբայանը այս որոշման գլխավոր դրդապատճառներ են անվանում Արցախում համերաշխության մթնոլորտի հաստատումն ու ծրագրերի համատեղումը սոցիալական քաղաքականության և անվտանգության հարցերում: Սա կարևորագույն իրադարձություն է Արցախի ներքաղաքական կյանքում, որը փոխելու է երկրում մեկ տասնամյակից ավել գոյություն ունեցած քաղաքական լանդշաֆտն ու ուժերի դասավորվածությունը: 

Այնուամենայնիվ,  մինչ համագործակցության հուշագիր ստորագրելը և համերաշխությունը կարևորելը Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը բավական երկար ու բարդ ճամփա են անցել:

Բաբայանը Արցախում ակտիվ քաղաքական գործունեություն սկսեց 2018-ին՝ Թավշյա հեղափոխության արդյունքում ազատության մեջ հայտնվելուց հետո: Ինչպես հայտնի է` 2017-ի նոյեմբերին նա «Իգլայի» հայտնի գործով դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման: Հարությունյանը ևս ակտիվացել էր Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ինքնուրույն քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն էր ստացել:  Վերջին մեկ տարվա ընթացքում այդ երկու՝ նախկինում հակադիր բևեռների ուժեղացմանը զուգընթաց աստիճանաբար լարվում էին նրանց հարաբերությունները, ինչն արտահայտվում էր հրապարակային հեռակա բանավեճերով, փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով, իսկ երբեմն նաև նրանց համակիրների միջև ընդհարումներով:

Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի առաջին հեռակա բանավեճը տեղի ունեցավ 2019-ի փետրվարին: Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը 2017-ին Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ է անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել է տարածքային զիջումների հարցը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակներում: Նա ասաց, որ Արցախի իշխանություններից ոչ ոք  Սարգսյանին չէր հակաճառել, երբ նա խոսում էր զիջումների անհրաժեշտության մասին: Այս հարցազրույցից հետո Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հերքելով Բաբայանի պնդումները, և կոչ արեց այդպիսի շահարկումներով չզբաղվել: Հարությունյանի այդ գրառումից հետո արդեն Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն տարածեց և Հարությունյանին կոչ արեց չխաբել ժողովրդին:

Հարությունյանի և Բաբայանի հարաբերություններում հաջորդ սրացումը տեղի ունեցավ 2019-ի մայիսի վերջին, երբ Արայիկ Հարությունյանի կուսակիցների մի խումբ Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին հետապնդել էր Սամվել Բաբայանի համակիրների ավտոմեքանաները և հրազենից կրակահերթ բացել նրանց ուղղությամբ: Այս միջադեպից հետո Բաբայանի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հարձակվողները մի «բանդայի» պարագլուխներ են, որը ծառայում է Արայիկ Հարությունյանին և հովանավորվում է նրա կողմից: Հարությունյանը նույն օրը արձագանքեց այդ գրառմանը և հայտարարեց, որ Բաբայանի ասածը հիմարություն է, ու, որ «Արցախում բանդա չկա»: Նա նշում էր, որ միջադեպի մեջ քաղաքական ենթատեքստ չկա:

2019-ի հունիսին Սամվել Բաբայանը թիմակիցների հետ ստորագրահավաք սկսեց, որպեսզի Սահմանադրության մեջ փոխոխություն մտցվի նախագահի թեկնածուների նստակյացության ցենզի մասին կետում: Դա նրան հնարավորություն կտար մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին: Օրենքով պահանջվող ստորագրությունները հավաքելու դեպքում Ազգային ժողովը պիտի  քվեարկեր սահմանադրական փոփոխության նախագծի օգտին, որպեսզի այն դրվեր հանրաքվեի: Բաբայանն իր հարցազրույցներում  նշում էր, որ չի բացառում խորհրդարանի վրա փողոցային պայքարի միջոցով ճնշման հնարավորությունը: Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով Բաբայանի մասին հարցին, հայտարարեց, որ իրենք թույլ չեն տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել:

Բաբայանի արձագանքը ավելի կոշտ էր: Մի քանի շաբաթ անց, պատասխանելով Hayeli.am կայքի հարցին, նա ասաց. «Ես էլ այդ երիտասարադին ասում եմ, որ կպարտադրենք, որ դու թույլ տաս, քեզ կպարտադրեն քո պատգամավորները, որովհետև քեզ օգտագործում է այսօրվա տեղի իշխանությունը: Դու ամեն դեպքում  նախագահ չես լինելու, ամբողջ Ղարաբաղը գլխի վրա կանգնի, ինքը նախագահ չի լինելու, որովհետև անձը ստում է սեփական ժողովրդին»:

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 31-ին Արցախի ԱԺ-ն դեմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների այդ նախագծին:

Սամվել Բաբայանը այդպես էլ չկարողացավ հաղթահարել նախագահական ընտրություններին իր մասնակցության հետ կապված իրավական խոչընդոտները և ընտրարշավի մեկնարկից երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ պաշտպանելու է Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Բաբայան-Մայիլյան տանդեմի և Արայիկ Հարությունյանի միջև հարաբերությունները ևս խիստ լարված էին: Կողմերը օգտագործում էին հակաքարոզչության բոլոր հնարավոր միջոցները: Բաբայանի դեմ քարոզչական դաշտում աշխատում էր նաև Վիտալի Բալասանյանին համակրող երևանյան քարոզիչների մի խումբ (Գառնիկ Իսագուլյանի գլխավորությամբ), որն էլ հեղինակում էր նրա մասին գլխավոր հակաքարոզչական նյութերի մեծամասնությունը: Արայիկ Հարությունյանի թիմակիցները առանց կաշկանդվելու ակտիվորեն օգտագործում էին այդ նյութերը:

Սոցիալական ցանցերում Հարությունյանի կողմնակիցներն ու թիմակիցները տարածում էին «հանցագործ Բաբայանի» մասին պատումը, որն ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Արցախը վերադարձնելու է 90-ականներ և երկրում ամենաթողության մթնոլորտ է հաստատելու: Արայիկ Հարությունյանի նախընտրական հոլովակներից մեկում պատմվում էր, թե ինչպես է Արցախի տնտեսությունը թալանվել և ոչնչացվել 90-ականներին, երբ երկրում իշխանությունը դե ֆակտո պատկանում էր Բաբայանին: Սա պատասխան էր Բաբայանի թիմի կողմից տարածվող «թալանչի Արայիկ Հարությունյանի» մասին պատմանը, որի հիմնական ուղերձն այն էր, որ միայն Բաբայանի պես ուժեղ գործիչը կարող է հաղթել նրան և պատասխանատվության ենթարկել:

Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի համագործակցությունը տրամաբանական զարգացում է

Այնուամենայնիվ, նույնիսկ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է նշել, որ Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի համագործակցությունը բավականին տրամաբանական զարգացում է: Բաբայանը արցախյան քաղաքական գործիչների հին սերնդի այն կարկառուն ներկայացուցիչներից է, որոնց բնութագրող գլխավոր հատկանիշը պրագմատիզմն է: Այդ սերնդի գործիչների համար ընդդիմություն-իշխանություն դիխոտոմիա գոյություն չունի: Նրանք իրենց վեր են համարում դրանից: Նրանց համար գոյություն ունի միայն քաղաքական նպատակահարմարություն: Բացի այդ, թե՛ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, թե՛ «Միասնական հայրենիք» կուսակցությունը լուրջ խնդիրներ ունեն ինստիտուցիոնալիզացիայի և ներքին ժողովրդավարության առումով: Երկու կուսակցություններում էլ որոշումների կայացման գործընթացի վրա առաջնորդների ազդեցությունը չափազանց մեծ է: Եվ եթե նույնիսկ նույն «Միասնական հայրենիքում» լինեին գործիչներ, որոնք այլ կարծիք կունենային այս դաշինքի վերաբերյալ, նրանք որևէ կերպ վերջնական որոշման վրա ազդեցություն չէին կարող ունենալ: Երկու կուսակցություններին միավորում է նաև գաղափարական որևէ ուղղվածության բացակայությունը: Երկուսն էլ պոպուլիստական ուժեր են, որոնք քաղաքական հաջողության բանալին տեսնում են հասարակությանը սոցիալական տարատեսակ ծրագրերով հրապուրելու մեջ:

Այս համագործակցությունը հնարավոր դարձավ նաև Արայիկ Հարությունյանի որդեգրած մարտավարության պատճառով: Ի տարբերություն իշխանական էլիտայի ուժայինների ճամաբարի՝ Հարությունյանը Բաբայանի հետ շփումներում կաշկանդված չէր անցյալի բարդ հարաբերություններով: Նա վենդետայի զոհ դառնալու վախ և Բաբայանին դեմոնիզացիայի ենթարկելու խնդիր չուներ: Նույնիսկ սրված հարաբերությունների պարագայում Հարությունյանը մշտապես փորձում էր ուղիղ կապ պահել Բաբայանի հետ: Վերջին մեկ տարվա ընթացքում նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ Երևանի միջնորդությամբ: Հարությունյանի համար Բաբայանի հետ դաշինքը կարևոր է առաջին հերթին քաղաքական կայունության առումով: Բաբայանը Արցախում միակ գործիչն էր, որը  իշխանության դեմ փողոցային լայն համախմբում կազմակերպելու ներուժ ուներ: Բաբայանին կոոպտացիայի ենթարկելով` Հարությունյանը լուծեց այդ պոտենցիալ խնդիրը:

Բաբայանն իր հերթին հնարավորություն է ստացել 20-ամյա բացակայությունից հետո կրկին իշխող էլիտայի մաս դառնալ, ինչպես նաև իր թիմակիցներին ապահովել աշխատանքով պետական կառավարման համակարգում: Երկարաժամկետ կտրվածքով, սակայն, նրա վիճակը շահեկան չի լինելու: Արայիկ Հարությունյանի հետ դաշինքը զգալիորեն հարվածելու է Բաբայանի հեղինակությանը ընդդիմադիր զանգվածի շրջանում, զրկելու է նրան Հարությունյանի հետ հարաբերություններում գլխավոր լծակից և  կախվածության մեջ է գցելու  նրանից:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: