27 մայիս, 2020 16:45

Գույքահարկն ավելանալու է առավելապես դղյակների ու ապարանքների համար. Փաշինյան

Հայաստանում գույքահարկն ավելանալու է, առավելապես՝ դղյակների ու ապարանքների համար․ այս մասին կառավարության մայիսի 27-ի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ֆինանսների նախարարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Գործադիրը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Վերջինս առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով, որպեսզի նոր օրենքը սկսի գործել արդեն 2021 թվականի հունվարի 1-ից:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է անշարժ գույքը հարկելիս հաշվի առնել ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքը: Նպատակը տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։

Փաշինյանը նկատեց, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է տևական ժամանակ և անցել բազմակողմանի քննարկումների փուլերով: Այնուհետև նա նկատեց. «Այո, գույքահարկն ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ ու ապարանքներ: Այժմ այդ մեծադղիրդ շինություններն ի՞նչ հարկեր են վճարում․ ըստ էության՝ սիմվոլիկ», - ասաց նա:

Վարչապետը նշեց՝ այս օրենսդրական նախաձեռնությունը տեղավորվում է «ճոխության հարկի» տրամաբանության մեջ ու հիշեց տարիներ առաջ Հայաստանում ավտոմեքենաների նկատմամբ այդ հարկատեսակի կիրառման պրակտիկան: «Ժամանակին այն կիրառվեց, սակայն այնպես, որ ստիպված ենք եղել վերացնել, քանի որ արդյունքները նայել-տեսել ենք՝ գումար չի հավաքվում», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարծում է, որ գույքահարկի գանձման փոփոխությունը կարող է մեծ դեր ունենալ նաև քաղաքաշինական մշակույթի զարգացման գործում: «Հիմա մարդիկ տներ կառուցում են առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, քանի որ մտածում են՝ որքան մեծ, որքան բարձր ու ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ: Այդպիսի սեփականություն տնօրինողները պետք է վճարեն», - ասաց վարչապետը:

Փաշինյանի դիտարկմամբ՝ ներդրվում է քառափուլ հարկային բարեփոխում․ «Առաջին տարում շուրջ 600 հազար քաղաքացու գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ: Այսինքն՝ 2021-ին գույքահարկից եկող մուտքերը կնվազեն, սակայն հետո կավելանան»։

#ՍիվիլՆեթ #Լուրեր