29 մայիս, 2020 13:23

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողը առողջապահության տեսչական մարմնի խորհրդի անդամ է

Լուսանկարում՝  Мedmedia.am կայքի հիմնադիր Գևորգ Գրիգորյանը 

Բրիտանական OpenDemocracy կայքը մայիսի 28-ին հրապարակեց հոդված, որից պարզ էր դառնում, որ ամերիկացի հարկատուների միջոցներով Հայաստանում հիմնված կայքը կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածել, COVID-19-ը կայքի հոդվածներում կեղծ համավարակ է որակվել, իսկ դրա դեմ պատրաստվող պատվաստանյութերը՝ կենսաբանական զենք։ 

Կայքը, որ նման բովանդակությամբ հրապարակումների հեղինակ է, կոչվում է Medmedia.am և հիմնվել է  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից, որի հիմնադիրը ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն է։ Կայքի հիմնումը ֆինանսավորվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից։

Պարզվում է, որ Գրիգորյանը բացի այս կայքն ու ՀԿ-ն ղեկավարելը, նաև պետական համակարգում է ներկայացված։ Երիտասարդ ուրոլոգը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ է։ Այս պաշտոնին նա նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ի հոկտեմբերի 23-ի հրամանագրով։ 

Գևորգ Գրիգորյանը նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 


Մկրտիչ Կարապետյան