30 մայիս, 2020 17:50

Իսպանիան ու կորոնավիրուսը․ հայացք ներսից

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվեց Կանարյան կղզիներում՝ հունվարի 31-ին, իսկ առաջին մահը գրանցվեց փետրվարի 13-ին Վալենսիայում։ Մարտի 13-ին Իսպանիայի բոլոր համայնքներում վարակվածության դեպքեր արդեն հաստատվել էին, և նույն օրն Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը պաշտոնապես հայտարարեց, որ ամսի 14-ից գործելու է արտակարգ դրություն, փակվելու են ուսումնական, առևտրային, սպորտային և այլ հաստատությունները, իսկ քաղաքացիներին արտոնվում էր փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Դիմակ կրելը դարձավ պարտադիր, չկրելու դեպքում տուգանքներ սահմանվեցին։ Մարտի 17-ից փակվեցին նաև Իսպանիայի սահմանները։

Սկզբնական շրջանում Իսպանիայի կառավարությունը և հատկապես առողջապահական համակարգը պատրաստ չէին դիմակայելու վարակի պատճառով առաջացած  բազմաթիվ մարտահրավերների։ Վարակվողներին բուժելու համար հիվանդանոցներում չկար բավարար անձնակազմ և բժշկական պարագաներ։ Ժամանակավոր հիվանդանոցների վերածվեցին տարբեր հաստատություններ, որոնք ծառայում էին այլ նպատակների։ 

Մարտի 28-ին կառավարությունը հայտարարեց, որ երկարաձգում և խստացնում է արտակարգ դրությունը՝ որոշելով, որ ոչ առաջնահերթ ոլորտների աշխատողները մինչև ապրիլի 11-ը պարտավոր են տանը մնալ և այս միջոցով կանխել կորոնավիրուսի տարածումը։ Կառավարության որոշումով այս աշխատողները ֆինանսապես չտուժեցին, և որպես հատուցում գործատուներին առաջարկվեց, որ այդ օրերի բացը լրացվի 2020 թվականի ընթացքում որոշ օրեր ութ ժամից ավելի աշխատելով։ Որպես ֆինանսական աջակցություն կառավարության կողմից բանկերի միջոցով և ցածր տոկոսով վարկեր առաջարկվեցին գործատուներին, նրանց ֆինանսական պարտավորությունները թեթևացնելու համար առաջարկվեց աշխատանքի ժամանակավոր սառեցման տարբերակը (ERTE), որի ընթացքում կառավարությունը հոգում է աշխատավարձերի որոշ չափը։ 

Կառավարությունը և ինքնավար մարզերը սահմանափակ օժանադկաություններ տվեցին ամենախոցելի խավին և որոշ արտոնություններ ընկերություններին՝ հարկային ոլորտի վճարումները կատարելու համար․ սակայն այս ընթացքում և ոչ մի ընկերություն կամ անհատ ձեռներեց չազատվեց այս պարտավորությունից՝ չնայած նրանցից շատերի մոտ եկամուտները կա՛մ նվազել էին, կա՛մ ընդհանրապես բացակայում էին։ Ժողովրդի կողմից վարձերի և վարկերի վճարումները կասեցնելու պահանջը այդպես էլ չբավարարվեց։  

Մարտի 14-ին հայտարարված արտակարգ դրությունը 14 օրով էր նախատեսված, որը հետագայում ևս չորս անգամ երկարաձգվեց։ Մահվան դեպքերի առումով ապրիլի 2-ին Իսպանիան ցնցվեց, երբ գրանցվեց 950 մահ, որը որպես մեկ օրվա ցուցանիշ ամենաբարձրն էր այդ ժամանակահատվածում։

Հակառակ իր ջանքերին՝ կառավարությունը տարբեր ոլորտներում ձախողումներ ունեցավ և քննադատության արժանացավ շատերի կողմից, որովհետև Իտալիայում սկիզբ առած ճգնաժամին համապատասխան լրջություն չցուցաբերեց, ի սկզբանե դանդաղ շարժվեց և ճիշտ որոշումներ չկայացրեց։ 

Կառավարությունը խիստ և տեղին քննադատությունների արժանացավ հատկապես առողջապահական համակարգի խոցելիության պատճառով։ 2008 թվականից սկսած՝ այս համակարգը տարբեր կառավարությունների որոշումների հետևանքով թուլացել է, կրճատումների է ենթարկվել և արդիականացնելու ու հագեցնելու իմաստով խնդիրների առջև է կանգնել։ 

Կառավարությանը քննադատեցին, որովհետև վճռական նշանակություն ունեցող պահին պարզվեց, որ Չինաստանից պատվիրված 640 000 կորոնավիրուսային արագ թեստերը թերի էին և գնվել էին ոչ լիցենզավորված ընկերությունից, հակառակ, որ Չինաստանի դեսպանությունը նախապես տրամադրել էր բոլոր լիցենզավորված ընկերությունների ցանկը։ Առ այսօր Իսպանիայի կառավարությունը չի կարողացել վերադարձնել այդ թեստերը և ետ բերել ծախսված գումարը։ 

Այդ օրերին և այլ հանգամանքների բերումով  Թուրքիան իր օդանավակայանում արգելափակեց ու որոշեց, որ այն սարքավորումները, որոնք հասնելու էին Իսպանիա կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, մնալու են Թուրքիայում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործվեն այնտեղ։ Այս դրվագը մեծ աղմուկ բարձրացրեց Իսպանիայում․ կառավարությունը նախ որպես կորուստ գրանցեց, իսկ ավելի ուշ սկսեցին բանակցել թուրքական կողմի հետ․ որպես արդյունք Թուրքիան խոստացավ, որ առաջիկա շաբաթներին օժանդակությունը հասնելու է Իսպանիա․․․ 

Ինչպես բոլոր երկրները, Իսպանիան ևս առանձին չի պայքարել ու պայքարում այս ժահրի դեմ ու տարբեր օժանդակություններ և սարքավորումներ է ստացել միջազգային կառույցներից ու երկրներից։

Մայիսի 4-ից Իսպանիայում ուժի մեջ մտավ արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումը, որն ընթանալու է չորս փուլերով։ Մայիսի 11-ից որոշ ինքնավար մարզեր՝ բացի Կատալոնիայի մի մասից և Մադրիդից, անցան սահմանափակումների առաջին փուլի․ բացվեցին խանութներ, բացօթյա սրճարաններ ու ճաշարաններ, թանգարաններ և այլն: Սահմանվեց նաև ժամանակացույց՝ ըստ որի՝ բնակիչները, համաձայն իրենց տարիքային խմբի, օրական մի քանի ժամ քայլելու կամ սպորտով զբաղվելու նպատակով կարող են փողոց դուրս գալ։ 

Մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսի հետևանքով Իսպանիան ապրելու է տնտեսական ճգնաժամ, որն ավելի խորը, կլինի քան 2008-ի ճգնաժամը։ 2020-ին կանխատեսվում է  6,6 տոկոսից մինչև 13,6 տոկոս տնտեսական անկում։ Մայիս ամսվա տվյալներով՝ 3,5 միլիոն բնակիչ անգործ է, 600 հազար մարդ գտնվում է ժամանակավոր սառեցման կարգավիճակում։  

Իսպանիայում կորոնավիրուսից ամենաշատ տուժած ոլորտներն են զբոսաշրջիկությունը, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը, առևտուրը,  շինարարությունը և այլն։ Տարեկան ավելի քան 80 միլիոն զբոսաշրջիկ ընդունող երկիրը հուլիսից սահմաններն է բանալու զբոսաշրջիկների առջև և այսպիսով փորձելու է հնարավորինս փրկել ոլորտը, որը 2019 թվականին կազմել է երկրի ՀՆԱ-ի ավելի քան 15 տոկոսը։ 

Տաթեւ Սուլյան
29 Մայիս 2020
Բարսելոնա
[email protected] 

Լուսանկարում՝ տեսարան Վալենսիայից