1 հունիս, 2020 12:47

«Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը»․ Պուտինի ուղերձը՝ Փաշինյանի ծննդյան առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ:

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ»։

Միխայիլ Միշուստինի ուղերձում նշված է․

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար:

Կարևոր նշանակություն ունի նաև Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։