1 հունիս, 2020 11:21

ԱՄՆ-ը մերժեց Հայաստանի մանդատը, մենք հրաժարվեցինք Սևրից

Պատմությունը և դիվանագիտությունը ցանկությունների ու երազանքների մասին արվեստ չէ։ Եթե որևէ հարցի լուծում փնտրում ես իրավական ճանապարհով, ապա քո թղթածրարը պետք է լինի անթերի ու անխոցելի։ Մի կողմ եմ թողնում այն իրականությունը, որ անթերի թղթածրարը դեռ բավարար չէ, որպեսզի իրավական ճանապարհով փորձես լուծել ռազմական, քաղաքական և աշխարհաքաղաքական բարդ խնդիրը։

Դիվանագիտական փաստաթղթերը, անկասկած, արժեք ունեն, եթե անգամ դու, որպես փոքր պետություն, այս պահին հնարավորություն չունես դրանք կյանքի կոչել։ Օրինակ, Հայաստանի կառավարությունները չեն ճանաչել Կարսի 1921թ. պայմանագիրը, որով գծվել է Թուրքիա-Հայաստան սահմանը և որը փաստացի ուժի մեջ է, անկախ նրանից՝ ճանաչում ես այդ պայմանագիրը կամ՝ ոչ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» քննադատները մատնանշում էին հենց նաև Կարսի պայմանագրի հիշատակումը (առանց անունը տալու) արձանագրության մեջ։

Հայաստանը 1918-ի հռչակումից ի վեր փնտրում էր հզոր պետության հովանավորություն՝ մանդատ։ Որևէ պետություն այդպես էլ չցանկացավ ստանձնել Հայաստանի հովանավորությունը։

Նախագահ Վուդրո Վիլսոնը, թվում է, կողմ էր, որպեսզի ԱՄՆ-ը վերցնի Հայաստանի մանդատը: 1919թ. մարտին Ավետիս Ահարոնյանը Փարիզում ամերիկյան գործիչ Բաումանի հետ հանդիպման ընթացքում ասում էր, որ «եթե Ամերիկան մեզ չօգնի, կորած ենք, Հայաստանն իբրև պետություն կամ այսօր իսկ պիտի կազմվի Ձեր օգնությամբ, կամ նա կորած է հավետ»: Ապրիլին Փարիզում Վիլսոնն ընդունեց Ահարոնյանին ու Պողոս Նուբար փաշային և կրկնեց, որ ինքը ցանկանում է, որ ԱՄՆ-ն ընդունի Հայաստանի մանդատը։

Մայիսին Վիլսոնը տալիս է իր համաձայնությունը ապագա Հայաստանի սահմանների որոշման արբիտր լինելու մասին: Նա դիմում է Կոնգրեսին՝ Հայաստանի մանդատն ընդունելու առաջարկով: Հունիսի 1-ին ԱՄՆ-ի սենատը մերժում է Վիլսոնի առաջարկը:

Այսպիսով, ճիշտ 100 տարի առաջ այս օրը ԱՄՆ Կոնգրեսը մերժեց Հայաստանի մանդատի ընդունումը։

Հայաստանի ղեկավարությունը, սակայն, շարունակում էր հույս դնել ամերիկացիների վրա։ Դրա համար կային պատճառներ ու հիմնավորումներ։ Արդեն 1919-ին Հայաստան էր հասել ամերիկյան հացն ու ալյուրը և առաջին անհրաժեշտության մի շարք մթերքներ։ Ամերիկյան օգնությունը ուղղակի փրկեց Հայաստանը սովահար լինելուց։

1920թ․ օգոստոսի 10-ին Հայաստանը ստորագրեց երկու տարբեր փաստաթղթեր, որոնցից մեկը լայնորեն շրջանառվում է, մյուսի մասին գրեթե չի խոսվում։

Սևրում Ահարոնյանը ստորագրեց պայմանագիր, որով պետք է հետ ստանայինք Արևմտյան Հայաստանը, բայց որը երբեք ուժի մեջ չմտավ, իսկ Թիֆլիսում Արտաշես Բաբալյանն ու Արշակ Ջամալյանը բոլշևիկյան Ռուսաստանի հետ ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքները՝ Արցախ, Զանգեզուր, Նախիջևան, ժամանակավորապես համարվեցին Ռուսաստանի կողմից գրավված։

1920-ի նոյեմբերի 22-ին, երբ արդեն ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները վճռում էին Հայաստանի ճակատագիրը, այն է՝ զավթում հայկական տարածքները, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ընդունեց Սևրից բխող Իրավարար վճիռը։

Այդ օրերին զավթված Ալեքսանդրապոլում թուրք քեմալականների հետ բանակցություններ վարող Ալեքսանդր Խատիսյանը վարչապետ Սիմոն Վրացյանի գիտությամբ հրաժարվեց Սևրի պայմանագրից, իսկ դեկտեմբերի լույս 3-ի գիշերը ստորագրեց դաշնագիր։ Դրանից մի քանի ժամ առաջ Հայաստանում իշխանությունը անցել էր Հայհեղկոմին։ Այդ որոշումը՝ իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել հայ բոլշևիկներին, ընդունվել էր ՀՅԴ Բյուրոյի կողմից նոյեմբերի 30-ի քվեարկությամբ։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: