1 հունիս, 2020 16:39

ՀԾԿՀ-ն մտադիր է մասնակի բավարարել «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է մասնակի բավարարել «Գազպրոմ Արմենիա»-ի՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտը:

Հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բնակիչ-բաժանորդների համար գործող գազի սակագինը կմնա նույնը՝ 139 000 դրամ հազար խմ դիմաց: «Գազպրոմ Արմենիա»-ն իր հայտում առարկել է բնակիչ-բաժանորդների համար գազի սակագնի որոշակի նվազեցումը՝ շուրջ 136 000 դրամ 1000 խմ դիմաց:

ՀԾԿՀ-ն փաստացի մերժել է «սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների» համար գազի սակագնի՝ ավելի քան 30 տոկոսով բարձրացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկը: Ընկերությունն առաջարկել էր սոցիալապես անապահովների համար գազի սակագինը հավասարեցնել բնակիչ-բաժանորդների համար առաջարկվող սակագանին՝ շուրջ 136 000 դրամ 1000 խմ դիմաց:

Հանձնաժողովը գտնում է, որ սոցիալապես անապահովները պետք է շարունակեն վճարել 100 հազար դրամ 1000 խմ դիմաց:

Հանձնաժողովի հաշվարկով որոշակիորեն կարող է բարձրանալ գյուղոլորտում «գործունեություն ծավալող, վերամշակող՝ պահածոների, կաթնամթերքների և խմիչքների արտադրությամբ զբաղվող անձանց», ինչպես նաև ջերմոցային տնտեսություններին վաճառվող գազի սակագինը: 

Ներկայիս գործող 212 դոլար 1000 խմ դիմաց սակագինը կարող է բարձրանալ 12 դոլարով՝ հասնելով 224 դոլարի 1000 խմ դիմաց:

ՀԾԿՀ-ն կարծում է, որ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի սակագինը՝ ամսական մինչև 10 հազար խմ-ի համար, պետք է նույնը մնա՝ 1000 խմ դիմաց՝ 139 հազար դրամ։ Իսկ 10 հազար խմ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255,92 դոլար:

Ընդհանուր առմամբ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը մտադիր է մասնակի բավարարել «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտը:

Այսպիսով, սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը հանձնաժողովն առաջարկում է բարձրացնել ներկայում գործող 1000 խմ-ի դիմաց 255 դոլարից մինչև 266 դոլար, այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր այն սահմանել 283 դոլար:

Վերոնշյալ հաշվարկները հանձնաժողովի վերջնական որոշումը չէ: Այն կայացվելու է մինչև այս տարվա հուլիսի 1-ը: Հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ բնական գազի սակագների բարձացման վերաբերյալ այս տարվա ապրիլի 1-ին ներկայացրած հայտի հիման վրա հրապարակել է իր հաշվարկները:

«Առաջիկայում՝ հունիսի 4-ին ժամը 14:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ», - ասված է ՀԾԿՀ կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մեկ օր անց՝ ապրիլի 1-ին, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիա»-ն, դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով: Գազի գնի բարձրացման խնդիրը մի քանի անգամ քննարկել են Հայաստանի և ՌԴ-ի առաջնորդները:

Ապրիլի 6-ի երեկոյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ խնդիրը քննարկել է ՌԴ նախագահի հետ: Նա հույս հայտնեց, որ Վլադիմիր Պուտինը կմիջամտի այս գործընթացին, որպեսզի «կարողանանք «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել»։

Փաշինյանը շեշտեց, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում «Գազպրոմ Արմենիա»-ի՝ սակագինը բարձրացնելու քայլը: