2 հունիս, 2020 13:56

Եթե չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կարող ենք կորցնել Սևանա լիճը․ Իրինա Ղափլանյան

Կան այնպիսի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են բերում Սևանա լճի էկոհամակարգի վրա. հունիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը: Վերջինիս խոսքով՝ գլխավոր խնդիրներից է լճի ջրի մակարդակի իջեցումը, որին զուգահեռ տարիներ շարունակ եղել է բացասական ներգործություն կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսքի պատճառով: 

Փոխնախարարը նշեց, որ ծաղկմանը նպաստող գործոններից է նաև մոլորակի գլոբալ տաքացումը  և ՀՀ-ի տարածքում արդեն արձանագրված 1,3 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը։ Սևանա լճի հետ կապված խնդիրները նա բաժանեց 2 խմբի՝ քանակական և որակական։ Հաշվի առնելով այդ փաստը՝ մշակվել է ծավալուն փաստաթուղթ, որը ներկայացվել է գործընկերներին, մասնավորապես, ԵՄ-ին:

Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին

Նախատեսվում է իրականացնել 3 առաջնահերթ միջոցառում: Առաջինը՝ առնվազն մեկ խոշոր, ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայանի ստեղծում: Երկրորդը՝ գետերի հուների մաքրում՝ հաշվի առնելով, որ Սևանի կենսապաշարը՝ ձուկը, վերարտադրման խնդիր ունի, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ձկնուղիները փակ են, քանի որ գետերը և գետերի հուները աղտոտված են: Երրորդ միջոցառումը Սոթքի լքված հանքի ռեկուլտիվացումն է: Ամենայն հավանակնությամբ, ծրագրերը կմեկնարկվեն սեպտեմբերից:

Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախորդ տարիների տվյալներով՝ Սևանա լճի ծաղկումը սկսվել է հունիս ամսից, ուստի այժմ արդեն տեղի են ունենում պարբերաբար կատարվող ստուգումներ, լճի ջրից վերցնում են փորձանմուշներ՝ հասականալու, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում և կանխատեսելու՝ լինելու է կանաչում, թե ոչ: 

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատելով՝ արդեն արձանագրվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ արդեն առկա է որոշակի բակտերիաների աճ, և ծաղկման նախնական փուլերը արդեն սկսվել են:

Փոխնախարարը ցավով արձանագրեց, որ դեռ անցած տարի գիտնականների և համապատասխան մասնագետների հետ եկել են այն եզրահանգմանը, որ Սևանա լճի կանաչումը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ բացասական ներգործությունը լճի էկոհամակարգի վրա եղել է ոչ թե տարիների, այլ տասնամյակների ընթացքում:

«Երբ մենք արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, մենք մտնում ենք էֆտրոֆիկացման, այսինքն՝ լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է, քանի որ կա անվերադարձի նիշ: Եթե մենք չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, մենք փաստացի կարող ենք լիճ կորցնել»,- եզրափակեց Իրինա Ղափլանյանը։

Գեղեցիկ Ոսկանյան