3 հունիս, 2020 10:03

Հիմա, հենց այս պահին, երբ մեր սիրելիները կռվում են մահվան դեմ

Հիմա, հենց այս պահին, երբ մեր սիրելիները կռվում են մահվան դեմ, բացարձակապես ժամանակը չէ իշխանություն-նախկին իշխանություն կամ ընդդիմություն փոխադարձ ցեխարձակումների ու սպառնալիքների:

Հենց այս պահին ինձ բացարձակապես չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, Սերժ Սարգսյանն ու նրա փեսա Միքայել Մինասյանի թիմը, Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը: Այս պահին ամեն մի մարդու կյանք ավելի կարևոր է, քան իշխանություն-նախկին իշխանություն կռիվը:

Ինչպես Ապրիլյանի օրերին, հիմա էլ մենք բոլորս ունենք մեկ հակառակորդ՝ կորոնավիրուսը: Եթե դա մենք հիմա, հենց այս պահին չգիտակցենք, ապա կորցնելու ենք մի քանի անգամ ավելի մարդ, քան կորցրեցինք չորս տարի առաջ:

Ի՞նչ քայլեր պետք է անեն երեք կողմերը՝ իշխանությունները, նախկին իշխանությունները և իշխանությունների ու նախկին իշխանությունների ձեռքում կրակն ընկած Հայաստանի ժողովուրդը:

Իշխանությունները

Առաջին. պետք է ժամանակավորապես, քանի դեռ երկիրը ընկել է կորոնավիրուսի ոլորապտույտի մեջ ու չի կարողանում ելք գտնել, դադարեցնել բոլոր տեսակի իրավական, քաղաքական ու քրեական գործողությունները, որոնք նախկին իշխանությունը համարում է և ընկալում հետապնդում: Եթե ավելի պարզ ձևակերպեմ, ապա այս պահից պետք է հաստատել ժամանակավոր հրադադար:

Երկրորդ. դիմել մեր բարեկամ երկրներին ու միջազգային կազմակերպություններին, Սփյուռքի հայկական կառույցներին ու բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել Հայաստանին՝ հաղթահարելու այս վիճակը: Ամոթ չէ օգնության համար դիմումը, եթե անգամ կարող ենք մեկ մարդու կյանք փրկել:

Երրորդ. ժողովրդին մեղադրելու փոխարեն զգալ պատասխանատվություն ձախողումների համար և հենց այս պահից փորձել ավելի արդյունավետ կառավարում իրականացնել: Հիշե՛ք՝ պատերազմում՝ լինի հակառակորդ թե կորոնավիրուս, հաղթում է պետությունը, պատերազմում պարտվում է պետությունը:

Չորրորդ. շոուների ու ֆեյսբուքյան հոխորտանքների փոխարեն՝ իրական կյանքում պայքարել կորոնավիրուսի դեմ: Հիմա, հենց այս պահին, մեղավորներ փնտրելու, պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու ժամանակը չէ: Ինչքան դուք շարունակեք դա անել, ստանալու եք հիշեցումներ, թե ում շունն է կորոնավիրուսը, որ դիմակը չի օգնում, գուցե օգնում է և նման կարգի անպատասխանատու խոսքեր: Արցախյան հայտնի խնջույքի նկարը ավելի ազդու է, քան ձեր տասնյակ լուսանկարները միասին:

Հինգերորդ. բոլոր պարգևավճարները ուղղել բուժաշխատողներին, նրանցից ոչ թե անդադար շնորհակալություն հայտնել, այլ կրկնակի, եռակի, եթե պետք է՝ տասնապատիկ բարձրացնել նրանց աշխատավարձերը, քանի որ նրանք են, որ փրկում են մահվան դեմ կռվող մեր սիրելիների կյանքերը:

Վեցերորդ. ոստիկանությունը գործի դնել, որպեսզի կարգ ու կանոն հաստատվի: 

Նախկին իշխանությունները

Առաջին. նախկին իշխանությունները և հատկապես Միքայել Մինասյանն ու նրա մեդիա-իմպերիան պետք է դադարեցնեն բոլոր տեսակի ցեխարձակումները, ստերի ու մանիպուլյացիաների տարածումը, ինչով զբաղված են հատկապես վերջին շաբաթներին: Այս պահին, երբ մեր սիրելիները կռվում են մահվան դեմ, դուք պատերազմում եք ոչ թե ձեզ ատելի Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի ու նրա ժողովրդի դեմ:

Այս պահին, իմ կարծիքով, նախկին իշխանությունները այլ անելիք չունեն, բացի վերը նշված կետը: Կարիք կա՞ հիշեցնել բացահայտ գաղտնիքը, այն է՝ պատերազմի ամենածանր օրերին ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը դադարեցնում է պատերազմը իշխանության դեմ և մեծահոգաբար հնարավորություն տալիս, որպեսզի իշխանությունները կենտրոնանան, այս դեպքում՝ մահվան սպառնալիքի դեմ, մեր և ձեր բարեկամների կյանքեր փրկելու համար:

Հասարակությունը

Այս պատերազմում հատկապես կարևոր է հասարակության և նրա անդամներից յուրաքանչյուրի՝ ամեն մեկիս դերը:

Առաջին. տնից դուրս գալ անհրաժեշտության դեպքում, խուսափել հավաքներից, իրար գլխի լցվելուց, խնջույքներից, ծնունդ-կնունքներից, ուխտագնացություններից, պահպանել սոցիալական հեռավորություն:

Երկրորդ. կրել դիմակ ոչ թե նրա համար, որ ձեզ կտուգանեն, այլ որովհետև պետք է կրել այն և փրկել կյանքեր:

Իմ նշած բոլոր կետերը ժամանակավոր են, երբ կհաղթահարենք կորոնավիրուսը և կվերադառնանք բնականոն կյանք, դուք կարող եք շարունակել, ինչպես նախկինում: Եթե ոչ, ապա հիմա, հենց այս պահին մենք ու մահվան դեմ կռվող մեր սիրելիները դա Ձեզ չեն ներելու:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: