3 հունիս, 2020 16:27

Տեղորոշման համակարգն օգնե՞ց կորոնավիրուսի դեմ պայքարում․ կարծիքներ՝ մասնագետներից

Արշալույս Մղդեսյան

Ապրիլի սկզբին Ազգային ժողովն ընդունեց համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերը և տեղաշարժը վերահսկող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումները:

Տեղորոշման համակարգ պայմանական անվանումը կրող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը, ինչպես այն ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, հետևյալն է՝ հայտնաբերել վարակակրի հետ շփում ունեցած անձանց շրջանակը՝ կորոնավիրուսի տարծման շղթաները վերահսկելի դարձնելու համար:

Այժմ, երբ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակը տարածվում է սրընթաց տեմպով, և մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի վարակակիրների թվով Հայաստանն արդեն անցել է Իրանին և Ֆրանսիային՝ գրեթե հավասարվելով Իտալիային, հարց է առաջանում՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ տեղորոշման համակարգը իրավիճակի վրա, օգնե՞ց արդյոք այն համավարակի տարծման շղթաները վերահսկելի դարձնելու հարցում:

Մինչ օրս, համաձայն ՍիվիլՆեթին պարետատան տրամադրած տվյալների, թվային ավտոմատացված համակարգի միջոցով վերլուծվել են 3 075 վարակակրի կոնտակտներ։ 

«Զանգ է կատարվել 27 761 կոնտակտի։ Արդյունքում հաստատվել է 1 189 քաղաքացի, որոնք իրապես շփում են ունցել վարակակրի հետ, և նրանց հրահանգվել է ինքնամեկուսանալ։ Այս ինքնամեկուսացածներից դրական է թեստավորվել 111 հոգի», - ասված է պարետատան տրամադրած տեղեկատվության մեջ։

Արդյունավետությունը վիճելի է

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, որն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է կորոնավիրուսի վարակի տարածման աշխարհագրությունն ու թվերը Հայաստանում, ՍիվիլՆեթի հետ զրույցում գնահատեց տեղորոշման համակարգի աշխատանքի արդյունավետությունը։

«Դատելով այն բանից, որ ամեն դեպքում երկու ամսվա ընթացքում համակարգի միջոցով հնարավոր է եղել պարզել 111 վարակակիր քաղաքացու՝ կարող ենք ասել, որ համակարգի աշխատանքն արդյունավետության որոշակի աստիճան ունեցել է», - ՍիվիլՆեթի հետ զրուցում նշեց Միքայելյանը՝ նկատելով, սակայն, որ համակարգի արդյունավետությունը դրա ներդրման շուրջ քաղաքական վեճերի ու երկրում կորոնավիրուսային համավարակի ծանր վիճակի ֆոնին շատ ցածր է:

«Փաստացի այս ընթացքում տեղորոշման համակարգի միջոցով հնարավոր է եղել բացահայտել 111 վարակակիր քաղաքացու, որը ներկայիս կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի միայն 1 տոկոսն է կազմում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հունիսի 3-ի դրությամբ կազմում է 10 524: Սա նշանակում է, որ համակարգի արդյունավետությունը, որը ներդրվեց սուր քաղաքական վեճերից հետո, շատ ցածր է: Ավելին՝ ստեղծվեց քաղաքացիների զանգերի ու տեղաշարժի վերահսկման նորմ, որը կարող է կիրառվել արտակարգ իրավիճակների ժամանակ առհասարակ», - նկատեց փորձագետը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեցնում է, որ տեղորոշման համակարգ ներդրվեց երկիրը կարանտինային սահմանափակումներից դուրս բերելու և առանց դրանց իրավիճակն արդյունավետ կառավարելու նպատակով:

«Սակայն մենք տեսնում ենք, որ դա ձախողվել է: Բայց չգիտես ինչու՝ արդեն երրորդ ամիսն է՝ այդ տվյալները շարունակում են հավաքագրել: Հատկապես, որ փաստացի հստակ պատասխան չտրվեց, թե ինչպես է ապահովվում տվյալների պաշտպանությունը թե՛ համակարգի ներսում, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ ունենան դրանց մատչում, թե՛ դրսում՝ արտաքին ներթափանցումներից: Չկա նաև հանրային վերահսկողություն, որ այդ տվյալները չեն օգտագործվի այլ նպատակով: Միակ երաշխիքը կառավարության խոսքն է», - ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ինչպես է աշխատում համակարգը 

Պարետատունը պարզում է վարակակրի շփման շրջանակը երկու եղանակով: Առաջինը՝ առողջապահական համակարգի կառույցները պարզում են վարակակրի տվյալները՝ անմիջապես շփվելով նրա հետ պարզելու համար կոնտակտավորների շրջանակը: Քաղաքացիների զանգերի հետ կապված տվյալները պարետատունը ստանում է բջջային օպերատորներից: Դրանք են, մասնավորապես, հիվանդի կատարած և ընդունած զանգերը: Զանգերի բովանդակությունը չի հավաքագրվում:

Մնացած տվյալները հավաքագրվում են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի սերվերում, որոնք, ինչպես հավաստիացնում է պարետատունը, ամբողջությամբ պաշտպանված են և արտաքին ներգործության չեն կարող ենթարկվել: Այնուհետև զանգերի շրջանակը համադրվում է զանգ կատարողների տեղադիրքի հետ՝ պարզելու համար արդյոք այդ անձինք գնտնվել են նույն տեղում, թե ոչ: Արդյունքում ստեղծվում է վարակակրի հետ շփված անձանց ցուցակ: Ցուցակում ընդգրկվածներին զանգահարում են պարետատան աշխատակիցները, ու նրանց հետ հարցազրույցի արդյունքում որոշվում է՝ նրանք ինքնամեկուսացման ենթակա՞ են, թե՞ ոչ:

Եթե այդ մարդիկ ինքնամեկուսացման ենթակա են, ապա տրվում է հրահանգ՝ ինքնամեկուսանալ: Այնուհետև, պարետատան հավաստիացմամբ, ստեղծվում է մեկ ամբողջական ցուցակ և սահմանվում հսկողություն, որպեսզի անձինք ինքնամեկուսացման ռեժիմը չխախտեն: Նրանց տեղաշարժը վերահսկվում է հատուկ ծրագրի միջոցով: