4 հունիս, 2020 11:13

Հայաստանի պատմության դիվանագիտական առաջին փաստաթուղթը. հունիսի 4, 1918թ․

1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարությունը՝ ի դեմս պատվիրակներ Խալիլի ու Վեհիբի, և Հայաստանի Հանրապետության պատվիրակները՝ ի դեմս Ալեքսանդր Խատիսյանի, Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի, ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր։

Սա Հայաստանի պատմության դիվանագիտական առաջին միջազգային և միջպետական փաստաթուղթն էր: Օսմանյան կայսրությունը դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Նույն օրը թուրքերը Բաթումում առանձին պայմանագրեր կնքեցին վրացիների և թաթարների (ադրբեջանցիներ) հետ։

Բաթումի պայմանագրով գծվեցին Օսմանյան կայսրության և Հայաստանի, ինչպես նաև Օսմանյան կայսրության և Վրաստանի միջև սահմանները: Մի քանի ամիս անց՝ 1918-ի աշնանը, Օսմանյան կայսրությունը իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում և իր զորքերը սկսեց դուրս բերել մի շարք շրջաններից, այդ թվում՝ գրավյալ հայկական հողերից:

Բաթումի բանակցությունների մասին հայկական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը գրում է. «Բանակցությունները տեղի էին ունենում ֆրանսերեն: Առաջին նիստի ժամանակ Վեհիբ փաշան անձամբ գծեց Հայաստանի սահմանները այն պատմական քարտեզի վրա, որ իմ մոտ էր թե՛ Տրապիզոնում և թե՛ հետագայում Պոլսում, Ալեքսանդրապոլում ու Եվրոպայում: Երբ մենք նայեցինք քարտեզին, երկու սուր զգացումներ համակեցին մեզ. առաջին՝ հպարտություն, որ մենք էլ դարավոր պայքարից հետո վերջապես գեթ փոքր անկյուն ունեցանք աշխարհի քարտեզի վրա և երկրորդ՝ դառնություն, որ մեզ տրված այդ անկյունը հազիվ 9.000 քառակուսի կիլոմետր էր, որ բացարձակապես անբավարար էր մեր ժողովրդին իր մեջ առնելու համար»:

Արդեն 1918-ի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության մաս կազմեցին Ղարաքիլիսան, այսօր՝ Լոռու մարզում, Ալեքսանդրապոլը՝ Գյումրին, ինչպես նաև Արարատյան դաշտի մի շարք հատվածներ:

Հայ-օսմանյան/թուրքական առաջին փաստաթուղթը կազմված էր 14 հոդվածից: Նույն օրը ստորագրված վրաց-օսմանյան և ադրբեջանա-օսմանյան պայմանագրերը կազմված էին համապատասխանաբար 12 և 11 հոդվածներից: Դաշնագրից բացի նույն օրը ՀՀ-ն և Օսմանյան կայսրությունը կնքեցին Հաշտության և բարեկամության դաշնագրին կից Լրացուցիչ պայմանագիր:

Բաթումում Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարց չի քննարկվել: Հայկական պատվիրակությունը փորձում է փոքր-ինչ ընդարձակել Հայաստանի սահմանները: Խատիսյանը գրում է. «Մենք խնդրեցինք մեր բոլոր պատճառաբանությունները հեռագրով հաղորդել Պոլիս և նրանց համաձայնությամբ ընդարձակել սահմանները: Հունիսի 2-ին մենք ստացանք պատասխանը, որով՝ «հանուն սկսված լավ հարաբերությունների», թուրքերը համաձայնություն են տալիս զիջելու մեզ Համամլու–Երևան խճուղին, և սահմանը անցնելու Արագած լեռան գագաթով: Այս նոր սահմանագիծը Ջաջուռ կայարանից անցնում էր Արագածի գագաթով և իջնում դեպի Վաղարշապատ, որով մենք 1 000 քառակուսի կիլոմետր տարածություն էինք ստանում: Դրանից ավելի զիջում թուրքերը չարեցին»:

Պայմանագրերը ստորագրելուց հետո չորս երկրների պատվիրակնությունների ղեկավարները ճառեր ասացին: Հայաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը հայտարարեց. «Հայաստանը, որի անունով պատիվ ունեմ խոսելու, երկար տարիներ շատ զոհողություններ է կրել, որպեսզի ազգային գոյության իրավունք ստանա։ Այսօր բացահայտ կերպով այդ իրավունքը ստացավ և մտավ անկախ պետությունների շարքը։ Այս մեծ օրը մի հանդիսավոր թվական կլինի հայերի պատմության էջերում։ Թեպետ նոր պետության սահմանները մեծ չեն, բայց հայ ժողովրդի ազատության ու մշակույթի սերը, նրա աշխատանքի ընդունակությունը, հույս ունեմ, որ արժանավոր տեղ կապահովեն հարևան պետությունների շարքում։ Մենք ուզում ենք, որ կայուն խաղաղություն և հավիտենական բարեկամություն հաստատվի Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև, և մենք հաստատ համոզված ենք, որ մեր հայ եղբայրները, որոնք հեռացել են Թուրքիայից, կկարողանան շուտով այնտեղ վերադառնալ և Օսմանյան կայսրության ազնիվ քաղաքացիներ դառնալ, որին մենք մաղթում ենք երջանկություն, բարգավաճում և խաղաղություն»:

Հունիսի 5-ի երեկոյան թուրքական պատվիրակությունը հայերին, վրացիներին և թաթարներին հրավիրեց հանդիսավոր ճաշկերույթի: Ներկա էին կովկասյան բոլոր պատվիրակությունները և Պոլսից եկած բազմաթիվ սպաներ, պաշտոնյաներ և օրագրողներ: Դաշնագրերի վավերացումը նշանակված էր մեկ ամիս անց՝ Պոլսում: Հունիսի 6-ին բոլոր պատվիրակությունները մեկնեցին Բաթումից:

«Մենք վերադարձանք Թիֆլիս՝ բերելով մեզ հետ հաշտության դաշինքը, որի բնագիրը այժմ պահվում է Էջմիածնի թանգարանում, իսկ պատճենը տպված է երեք լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն և հայերեն»:

Անցնող 102 տարիներին Բաթումի դաշնագիրը շատ է քննարկվել ու քննադատվել: Հայկական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը Բաթումի հայ-թուրքական պայմանագրի մասին ասել է. «Մենք բերում ենք հաշտության վատ դաշնագիր, սակայն բերում ենք և անկախ Հայաստան»:

Մինչև 1918 թվականի նոյեմբեր, երբ Օսմանյան կայսրությունը պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում, մի կողմից Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, մյուս կողմից՝ Քառյակ միությունը՝ Օսմանյան կայսրություն, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա և Բուլղարիա, համարվում էին դաշնակիցներ:

Միակ երկիրը, սակայն, Օսմանյան կայսրությունն էր, որ Հայաստանում նշանակեց դիվանագիտական ներկայացուցիչ և Երևանում բացեց դեսպանություն: Այն գտնվում էր այսօրվա Սախարովի հրապարակի շենքերից մեկում: Հայաստանում Օսմանյան կայսրության առաջին դիվանագիտական ներկայացուցիչը Ալի Մեհմեդ փաշան էր:

Փոխադարձաբար Հայաստանը դեսպանություն բացեց Պոլսում, որը գտնվում էր հայտնի Թոքատլյան հյուրանոցում: Օսմանյան կայսրությունում ՀՀ առաջին դիվանագիտական ներկայացուցիչը Ֆերդինանդ Թախտաջյանն էր:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: