5 հունիս, 2020 16:35

ԵՄ «սև ցուցակում» հայտնվելը Հայաստանի ավիացիոն վարկին հասցված շառաչուն ապտակ է. փորձագետ

Հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը: Այս որոշման և ՀՀ ավիացիայի ոլորտի համար դրանից բխող խնդիրների մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանի հետ:

- ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը՝ երկրում գրանցված բոլոր ավիափոխադրողներով: Ի՞նչ է նշանակում այս որոշումը:

- Սա Հայաստանի համար շատ մեծ խնդիր չէր դառնա, եթե չիմանայի, թե ներկայիս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ինչ կադրերից է բաղկացած: Ընդհանրապես աուդիտ չանցնելն ընդունված երևույթ է, ուղղակի աուդիտի ու ԵՄ-ից եկած սև թուղթ ռեփորթի գոյությունը նշանակում է, որ Հայաստանի ավիացիային հասցված է մեծ ապտակ: Սա իմիջային մեծ վնաս է, որը նշանակում է՝ համակարգի աշխատակիցներն այնքան թույլ են, որ կոմիտեի նման վերահսկող մարմինը չի կարողանում հաղթահարել այդ աուդիտը: Ես ինքս էլ ժամանակին անցել եմ աուդիտը՝ երեք անգամ «Արմավիա»-ի ժամանակ, խոսքը դրա ծաղկուն ժամանակների մասին է: Այն ժամանակ ավիաընկերությունից թիմ էր աշխատում՝ մոտ վեց-յոթ հոգի: Սա շատ բարդ գործ է, շատ անհասկանալի, ոչ հանրամատչելի տեղեկատվություն է: Բավականին տևական աշխատանք է պահանջում, գրագրություն: Նրանք ուղարկում են հարցեր, դու իրենց պատասխանում ես գրավոր, նախապատրաստվում ես, որ գան աուդիտ անելու, նրանք ֆիքսում են այն ժամանակահատվածը, որ կարող են աուդիտի համար հատկացնել: 

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մեծ վնաս չենք կրի, քանի որ այսպես թե այնպես ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները ներկայացված չեն ԵՄ ավիացիոն շուկայում: Իսկապե՞ս ֆինանսական վնաս չեն կրի ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները:

- ՀՀ-ի Քաղավիացիայի կոմիտեն, լինելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICO) անդամ, հանդիսանում է նաև պետական կառույց, և այն պետք է որ կարողանար այդ աուդիտն անցնել: Աուդիտ անցնելը նաև շատ կոնկրետ առարկայական նշանակություն ունի պետության ավիացիայի ոլորտի զարգացման համար: Սա մեկ ուղղությամբ չվերթի կասեցում չէր, այլ ամբողջ երկրի ավիացիոն վարկի մասին էր խոսքը: Սա միայն այն չի, որ, ինչպես ասում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մեծ վնաս չենք կրի, քանի որ այսպես թե այնպես ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները ներկայացված չեն ԵՄ ավիացիոն շուկայում: Աուդիտ անցնելը փաստացի նշանակում է, որ քո երկիրն ունակ է դրսից օդանավեր բերել, այստեղ դրա հիման վրա ստեղծել ավիաընկերություններ, և այդ ավիաընկերությունները թռչեն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ եվրոպական երկրներ: Հակառակ պարագայում, որը մեզ մոտ տեղի ունեցավ, ամբողջ աշխարհի ավիացիոն հանրությանը դա ցույց տվեց, որ մենք ի վիճակի չենք վերահսկելու թռիչքային անվտանգությունը, իսկ ավիաընկերությունների ու օդանավերի 70%-ը բաղկացած է անվտանգության խնդիրներից, և միայն 30%-ն է կազմում կոմերցիոն մասը: Ավիացիան միջազգային մակարդակով խիստ կարգավորված ոլորտ է: Երբ երկիրն ունակ չէ 70%-ի վրա վերահսկողություն սահմանել, նշանակում է, որ այն պետք է հայտնվի աֆրիկյան երկրների կողքին: Մյուս կողմից, սա նաև կոնկրետ ֆինանսական վնասներ է պատճառելու ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին, որոնք ամռան ամիսներին զբոսաշրջիկների համար չարտերային թռիչքներ էին կազմակերպում եվրոպական երկրներ՝ Իսպանիա, Խորվաթիա և այլն: Այժմ զրկվել են նման իրավունքից:

- Այսինքն առաջիկայում պետք չէ՞ սպասել լուրջ միջազգային ներդրումներ Հայաստանի ավիացիայի ոլորտում:

- Քաղաքացիական ավիացիայի ոլորտում ներդրումներ կատարում են ինստիտուցիոնալ ներդրողները: Դրանք բանկային, ֆինանսական ինստիտուտներ են, որոնք գումարների են տիրապետում, և եթե դու լուրջ բիզնես պլան ունես քո երկրի ավիաընկերության զարգացման վերաբերյալ և նաև ունես աջակցող, այդ դեպքում բիզնես պլանի հիման վրա նրանք կարող են քո երկրի վարկային կազմակերպություններին գումար տալ: Օրինակ՝ անցած տարի մեզ գումար կարող էին տալ, եթե ազգային փոխադրող ստեղծելու մեր առաջարկը չմերժեր Քաղավիացիայի կոմիտեն: Մենք «Արմէյր» նախաձեռնողների խումբ ձևավորեցինք անմիջապես հեղափոխությունից հետո՝ հուսալով, որ հայրենասիրությունը մենակ մեզ մոտ չի, նաև իշխանության մոտ է, բայց  փաստորեն նախորդ տարվա փետրվարի 19-ին կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մերժեց այդ բիզնես ծրագիրը:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայկական ավիաընկերություններին Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից զրկելու մասին, ասաց հետևյալը. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ, և դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված շրջանակների հետ»։ Համաձայն վարչապետի հայտարարության՝ ավիաընկերությունները ևս խնդիրներ են ունեցել:

- Ավիացիան դյուրագրգիռ ոլորտ է: Հայաստանում ընկերություն գրանցողներն ու Աֆրիկայում շահագործում իրականացնղները շատ լավ գիտեին, թե խոսքն ինչի մասին է, և հաստատ միջազգաին ուղևորափոխադրումներ կատարելիս այլ պետություններում նման քայլերի չէին գնա: Ոլորտը միջազգային մակարդակում խիստ կանոնակարգած է: Սա ուղղաթիռ չէ, որ մի տեղից բարձրացավ ու մյուս տեղը նստեց: Այլ հարց է, թե ինչու են գնացել երկրից և այլ տեղերում թռիչքներ կատարում․ որովհետև այստեղ նրանց գումար չտվեցին, նրանք էլ ստիպված՝ իրենց օդանավերը տարան Սոմալիում կամ Հարավային Աֆրիկայում աշխատելու: Հետևաբար շատ քիչ հավանական է, որ նրանք որևէ խախտում են թույլ տալիս: Բացի այդ, տեսնում եք վերջին տարիներին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: 

Ուստի աուդիտ չանցնելը նշանակում է երկրի ավիացիոն վարկին հասցված շառաչուն ապտակ: Այն դառնում է մեր երկրի ավիացիոն ոլորտի նկատմամբ վերաբերմունք դրսևորելու հիմք: Պատահական չէ, որ վաճառքով կամ լիզինգով օդանավեր տրամադրող ընկերությունները՝ վարձատուները, որոնց գլխավոր գրասենյակները գտնվում են Դուբլինում, ստացել են զգուշացում առ այն, որ Հայաստանին օդանավ չտան` ոչ վաճառքով, ոչ լիզինգով, որովհետև նրա կոմիտեն ունակ չէ հսկել թռիչքային անվտանգությունը, որը պարտավոր է՝ ըստ իր կանոնադրության: Սրա մասին չեն խոսում մեր իշխանությունները, հատկապես Տիգրան Ավինյանը: Վերջինս ասում է՝ մի ուղղություն է՝ Լիոնն է, թող չեղյալ հայտարարեն, վերջանա: Յուրաքանչյուր վարձատու ունի ռիսկերի գնահատման բաժին, որը հաշվարկում է ռիսկերը: Եթե պետական կառույցն ունակ չէ հավուր պատշաճի վերահսկել թռիչքային անվտանգությունը, դա նշանակում է այդ երկիր օդանավ ուղարկելը ռիսկային է: 

- Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ Եվրամիության «սև ցուցակից» լավագույն դեպքում կկարողանանք դուրս գալ 2,5 տարում:

- Ցավալի է Տաթևիկ Ռևազյանի ասածը: Դա հնարավոր է ավելի շուտ անել, ինչ-որ մեկը ցանկանում է, որ ուշ լինի: Մյուս տարվա աուդիտին կարող ենք մասնակցել: Դա փոշիացնելու է ավիացիոն ոլորտը, դա նշանակում է բնաջնջել հայկական ավիացիան: