5 հունիս, 2020 14:19

Երբ ռասիզմը քեզ հետևում է մանուկ հասակից․ աֆրոամերիկացի լրագրողի պատմությունը

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը ոստիկանի կողմից հակառասիստական բողոքի հուզումներ է առաջացրել ամբողջ Միացյալ Նահանգներում և աշխարհում։ Los Angeles Times թերթի սյունակագիր Էլ Զի Գրաբդերսոնը, որն աֆրոամերիկացի է, գրում է իր անձնական փորձի և այն մասին, թե որքան սովորական է իր համար ամենօրյա կյանքում առերեսվելը ռասիստական դրսևորումներին։ 

Երեքշաբթի լավ չէի զգում: Մարմինս լարված էր, ստամոքսս՝ անհանգիստ, տանջում էր գլխացավը: Օրերի մեծ մասը ես նախընտրում եմ բթացնել զգացմունքներս։ Երեքշաբթի որոշեցի չբթացնել ու զգալ: Հասկանում եմ, որ ոմանց համար Ջորջ Ֆլոյդի մահվան տեսանյութը ցնցող է: Ինձ համար այդպես չէր: Միգուցե միշտ չէ, որ ընտրում եմ զգալը, բայց միշտ տեղյակ եմ: Դեռ վաղ տարիքում եմ հասկացել, որ անտեղյակ լինելու ճոխություն ինձ թույլ տալ չեմ կարող։  

Տասներկու տարեկան էի, երբ մի ոստիկան զենքը դրեց գլխիս հետևի մասում՝ ծնկով սեղմելով մեջքս։ Ինձ ուղարկել էին խանութ՝ կաթ գնելու: Տուն վերադարձա վնասվածքով: Ոստիկանն ինձ ձեռնաշղթաներ հագցնելիս ասաց, որ նման եմ կողոպուտի մեջ կասկածվող մեկին։ 

Նման մի բան ինձ ասացին նաև իմ 20-ականներում, երբ մեքենաս կանգնեցրին ու ձեռնաշղթաներ հագցրին։ Ես նոր էի ավարտել համալսարանն ու աշխատում էի որպես լրագրող: Սպան հարցրեց, թե ինչ գործ ունեմ այդ թաղամասում: Երբ ասացի, որ ապրում եմ այնտեղ, հարցրեց, թե ինչ եմ անում, որ կարողանամ ինձ դա թույլ տալ: 

Ամերիկացի ռեփերը կոչ է արել հիմնահատակ այրել համակարգային ռասիզմ ծնող համակարգը

 Իմ 30-ականներում, իմ այժմյան ամուսնու՝ Սթիվի հետ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, մեծամասամբ սպիտակամաշկ բնակչություն ունեցող միչիգանյան մի արվարձանում մեքենաս կրկին կանգնեցրին ու ձեռնաշղթաներ հագցրին։ Մեկ այլ ոստիկան ասաց, որ ինձ «ինչ-որ մեկին է նմանեցրել»։

Վեց տարի առաջ, իմ 40-ականներում, Սենթ Լուիսից դուրս Ֆերգյուսոնի ցույցերի ժամանակ, CNN-ի համար աշխատելիս ինձ նորից կանգնեցրին՝ «ինչ-որ մեկին նման լինելու համար»:

Եվ դրանք ընդամենը մի քանիսն են այն օրինակներից, երբ ինձ կանգնեցրել են՝ ինչ-որ մեկին նման լինելու համար: Այնպես որ, այո՛, շատ հաճախ ես ընտրում եմ չզգալը՝ պարզապես գոյատևելու համար:

Ահա թե ինչու է, որ ես հասկանում եմ տեսախցիկի նկարած ճակատագրական պահերը դիտելուց խուսափելու անհրաժեշտությունը: Կարեկցանքը չպետք է շփոթել ապրումակցման հետ, որն ավելի խորն է և կոտրում է խորը թաքցված հիշողություններն ու հույզերը պաշտպանող բոլոր պատվարները: Այն թափանցում է մինչև հոգու խորքը։ Վիրավոր և անպաշտպան սրտով գոյատևելը դժվար է: Երեքշաբթի, սակայն, ես ինձ թույլ տվեցի զգալ, քանի որ պարզապես գոյատևելը միշտ չէ, որ բավարար է: Բավարար չէ, եթե ուզում եք ապրել: Որոշ ժամանակ ցավը տհաճություն է բերում։ Այն նաև ցույց է տալիս, որ ինչ-որ բան սխալ է: Երբ բթացնում ես զգացմունքներդ, կարող ես ինքդ քեզ խաբել, որ ամեն ինչ ավելի լավ է, քան իրականում:

Ձեզանից նրանք, ովքեր հոգնել են ռասիզմի մասին կարդալուց, հավատացե՛ք ինձ, երբ ասում եմ՝ ես էլ հոգնել եմ այդ մասին գրելուց:

Սոցիալական մեդիաները կարող են տպավորություն ստեղծել, որ այնպիսի դեպքեր, ինչպիսին տեղի ունեցավ Կենտրոնական զբոսայգում թռչուններին հետևող Քրիստիան Կուպերի և Էմի Քուփերի միջև,- այն կինը, որը Քրիստիանի կյանքը վտանգի էր ենթարկել՝ վերջինիս սուտ մեղադրելով իր կյանքին սպառնալու մեջ,- նոր զարգացումներն են, բայց դրանք այդպիսին չեն: Պարզապես 14-ամյա էմեթ Թիլը սմարթֆոն չուներ դեռ 1955-ին, երբ նրան ինքնադատաստանի ենթարկեցին, երբ Քերոլին Բրայանտը կեղծ մեղադրեց վերջինիս՝ իրեն անպարկեշտ պահելու մեջ։ 

Զգացմունքները բթացնելը Ֆլոյդի, Կուպերի, Ահմոդ Արբերիի հետ կատարվածը (որին վազքի ժամանակ հետևել և սպանել էին երկու սպիտակամորթներ) որպես դժբախտ, իրարից անջատված անոմալիաներ բնութագրելն է: Զգալը գիտակցելն է, որ դրանք բոլորովին էլ տարանջատված չեն, այլ որ ավելի շուտ, պատճառը նրա, ինչպես Ջեյմս Բոլդվինն էր ժամանակին ասում. «Այս երկրում սևամորթ լինել և համեմատաբար գիտակից լինել նշանակում է գրեթե ամբողջ ժամանակ բարկացած լինել»:

Երբեմն պարզապես ուզում ես փողոցով մեքենադ վարել և չլարվել, երբ տեսնում ես ոստիկանության մեքենա: Երբեմն մտածում ես՝ հանձնվել, թե կրկնակի ավելի ջանասիրաբար աշխատել՝ գոնե կիսով չափ լավը համարվելու համար։ Երբեմն չես ուզում ստիպված լինել ընտրություն կատարել բթացած լինելու և զգալու միջև:

Երբեմն ուզում ես ուղղակի լինել։

Մի երեկո գնացի խանութ՝ Սթիվի ալերգիայի դեղը գնելու: Ավտոկայանատեղիի ու իմ տան ավտոճանապարհի միջև ընկած հատվածում մի ոստիկան սկսեց հետևել ինձ: Քիչ անց ես շրջապատված էի մի քանի մեքենաներով` լույսերը վառ, զենքերը հանած:

Մեքենայից զանգահարեցի Սթիվին, որը սպիտակամորթ է, որպեսզի դուրս գա դռան մոտ՝ իրավիճակը հանդարտեցնելու։ Սկզբում նա չհասկացավ հրատապությունը, բայց ասացի, որ եթե չգա դռան մոտ, հավանականություն կա, որ ինձ կսպանեն: Ինչպես և սպասում էի, իրավիճակը հանդարտվեց, երբ նա դուրս եկավ և հաստատեց իմ՝ տան սեփականատեր լինելը։ Ինձ թույլ տվեցին գնալ տուն: Ինձ հետևող սպան ասաց, որ կարծում էր՝ գողացել եմ մեքենան: Մինչ օրս ես կատակում եմ Սթիվի հետ, որ մինչ այդ նա կարծում էր, թե հանդիպում է գեյի հետ, բայց հենց այդ գիշեր հասկացավ, որ հանդիպում է սևամորթի հետ:

Դա ծիծաղելի պատմություն է այն օրերին, երբ նախընտրում եմ բթացնել զգացմունքներս։

Դա իմ կյանքի ամենասարսափելի պահն է, երբ ես ընտրում եմ զգալը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ George Floyd, Central Park and the familiar terror they inspire

 

In Armenia, George Floyd Solidarity Protest Takes Place Outside US Embassy