5 հունիս, 2020 12:44

Քաղաքական կորոնավիրուս, բծավոր տիֆ, մալարիա ու խոլերա

Պատերազմում՝ լինի հակառակորդ կամ կորոնավիրուս, հաղթում է պետությունը և պարտվում է պետությունը: Իսկ հասարակությո՞ւնը՝ կհարցնեք: Հասարակությունն էլ է պետությունը: Չի կարող լինել փնթի, անպատասխանատու հասարակություն և առողջ, կազմակերպված ու պատասխանատու պետություն:

Եթե Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական թիմին հաջողվի նվազագույն կորուստներով հաղթահարել կորոնավիրուսի պատուհասած աղետը, ապա հաջողության դափնիները գնալու են նրան, եթե ձախողվի, ապա հենց նրանք են դառնալու քննադատության թիրախ: Այսպես է գրվում պատմությունը՝ ուզենք կամ չուզենք:

Հայաստանում կորոնավիրուսի մոլեգին տարածմանը զուգահեռ մոլեգնում է նաև նախկին իշխանությունների և ընդդիմության քննադատությունը: Արդեն հնչում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, նաև՝ կորոնավիրուսով վարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչեր:

Բանավեճն անգամ տեղափոխվեց 100 տարի հետ: Կառավարությանը և Փաշինյանին պաշտպանողները մեղադրեցին քննադատողներին մի խմբի՝ հիշեցնելով, որ 1918-1920 թվականներին հիվանդություններից՝ խոլերա, մալարիա, բծավոր տիֆ, մահացել է Հայաստանի Հանրապետության բնակչության 15 տոկոսը:

Որքանո՞վ է համարժեք 2020 թվականի Հայաստանը համեմատությունը 1918-1920 թվականների Հայաստանի հետ:

Երբ գործին խառնվում է քաղաքականությունը և ստեղծված աղետի պահին քաղաքական միավորներ տանելը, ապա բնական ու տրամաբանական է թվում: Եթե դու մեղադրում ես Փաշինյանին ու թիմին կորոնավիրուսին անլուրջ վերաբերվելու, կառավարել չկարողանալու և այլ բաների մեջ, ապա ես էլ քեզ կհիշեցնեմ, որ բծավոր տիֆին, մալարիային ու խոլերային զոհ է գնացել մինչև 180 հազար մարդ, այդ թվում՝ Արամ Մանուկյանը:

Երբ գործին չի խառնվում քաղաքականությունը, ապա համեմատելու եզր անգամ չկա: 1918-1920-ին թեկուզ անկախ՝ Հայաստանն ապրել է իր պատմության դժնդակ ժամանակները: Համաճարակներն ու սովը հնձում էին բնակչությանը: Հատկապես արևմտահայ գաղթականությունը, որն իր հետ բերել էր համաճարակները, ուղղակի մեռնում էր փողոցներում՝ սովից ու հիվանդությունից՝ անօգնական ու անտարբեր: 180 հազար զոհերի մեծ մասը հենց արևմտահայ գաղթականությունն էր: Անգամ չէին հասցնում փողոցներից հավաքել մահացած դիակները: Այդ օրերին վարակից մահացան Երևանի լավագույն բժիշկները:

Ես կարող եմ բերել 100 պատճառ ու փաստ, թե ինչու չի կարելի 2020-ի Հայաստանը համեմատել 1918-1920-ի Հայաստանի հետ:

Բայց եթե այսօր նախկին իշխանություններն ու ընդդիմությունը, մեղադրելով Փաշինյանին ու թիմին համավարակի դեմ պայքարում պարտվելու մեջ, նաև համեմատության մեջ են դնում մեր անմիջական հարևան Վրաստանի հետ, ապա թույլ տվեք, այդ դեպքում, համեմատել նաև 1918-1920 թվականների Հայաստանն ու Վրաստանը:

1918-1920 թվականներին Վրաստանում բծավոր տիֆը, մալարիան ու խոլերան հարյուրապատիկ անգամ թեթև է եղել, քան Հայաստանում: Այո, եղել են զոհեր, այդ թվում՝ Վրաց կաթողիկոս-պատրիարք Լեոնիդը, որը խոլերայից մահացավ 1921 թվականի հունվարի 11-ին: Միայն 1918-ին Թիֆլիսում համաճարակից վարակակիրների թիվը եղել է 1 243, մահացել է 735 մարդ, որոնց թվում էին նաև թիֆլիսահայեր:

Ադրբեջանում ևս 1918-1920 թվականներին եղել են համաճարակներ, սակայն Հայաստանի չափերից հարյուրապատիկ նվազ:

Կրկնենք, որ արդար չէ համեմատել նաև 1918-ի՝ հրաշքով ծնված Հայաստանը Գերմանիայի հովանավորությունը վայելող Վրաստանի ու Օսմանյան կայսրության հովանավորությունը վայելող Ադրբեջանի հետ: 1918-ի լուսավոր Թիֆլիսը, որ անվանվում էր Կովկասի Փարիզ, որևէ համեմատության եզր չուներ փոշոտ, աղքատ ու սոված Երևանի հետ: Ահա այդ պատճառով էր նաև, որ ՀՀ ղեկավարների ու պատասխանատուների մի մասը չէր ուզում տեղափոխվել Երևան և ցանկանում էր Հայաստանը ղեկավարել Թիֆլիսից:

Մեկ այլ թեմա է շրջանառվում բանավեճերի, ավելի ճիշտ՝ փոխադարձ մեղադրանքների մեջ: Ինչո՞ւ ընդդիմությունը ՀՀ ղեկավարությանը չէր մեղադրում 1918-1919-ին, երբ երկրում մոլեգնում էին համաճարակները: Սա էլ լեգիտիմ կամ հռետորական հարց է, թեև պետք է ճշտել՝ չէ՞ին մեղադրում: Ես 1919 թվականի ՀՀ ընդդիմադիր մամուլը կարդալու ընթացքում հանդիպել եմ հրապարակումներ, երբ օրվա իշխանությունը մեղադրվել է ամերիկյան ալյուրը որպես ընտրակաշառք բաժանելու մեջ խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք տեղի ունեցան 1919-ի հունիսի 21-23-ը:

Մեկ այլ համեմատություն. իսկ ինչո՞ւ այսօրվա Հայաստանը չենք համեմատում աշխարհի հզորագույն տերության՝ ԱՄՆ-ի հետ, որտեղ վարակակիրների թիվը հասել է 2 միլիոնի, իսկ զոհերի թիվը անցել 110 հազարից: Ինչո՞ւ չենք համեմատում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որտեղ նույնպես գործերը լավ չեն, մեղմ ասած:

Ես համոզված եմ, որ այսօր, հենց այս պահին, երբ Հայաստանը, նրա ընտրված իշխանությունն ու հասարակությունը պարտվում են կորոնավիրուսի դեմ պատերազմում, պետք է ժամանակավորապես մի կողմ դնել ամեն ինչ և նախ հաղթել մահաբեր հիվանդությանը: Ես այդպես էի մտածում նաև 1991-94-ին, երբ Հայաստանն ու Արցախը արյունալի պատերազմի մեջ էին: Այդպես էի մտածում նաև 2016-ի Ապրիլյանի ծանր, բայց նաև հայ ժողովրդի աննախադեպ միասնության օրերին:

Մենք հաղթելու ենք կորոնավիրուսին: Ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ գնով:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: