6 հունիս, 2020 11:06

Լևոն Տեր-Պետրոսյանի լռելու և խոսելու ժամանակը

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ի հրաժարականից հետո այլևս չլինելով իշխանություն՝ առնվազն 5 անգամ անուղղակի աջակցություն է հայտնել գործող իշխանություններին՝ մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանին, երկուական անգամ՝ Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին:

Երեկ՝ հունիսի 5-ին, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված նա երկրորդ անգամ աջակցեց գործող իշխանություններին՝ իր տեսակետները հայտնելով երեք կետերով. «Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։

Մի քանի շաբաթ առաջ թեմային անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանը գրել էր. «Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա»։

Առաջին նախագահը հույս էր հայտնել, որ «Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»։

Երկու հայտարարություններն էլ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և վերջինիս փեսայի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու աջակիցները ընդունեցին սրերով ու կոշտ քննադատությամբ:

Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ անուղղակի աջակցություն է հայտնել երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի և վերջինիս համար դժվար ժամանակներում:

2016թ․ ապրիլի 5-ին՝ քառօրյայից անմիջապես հետո, նա Սերժ Սարգսյանին ուղարկեց հետևյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման և Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերևս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետևանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։

Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին հեռախոսով պատասխանեց, որ Գերմանիայից վերադառնալուց հետո կհանդիպի առաջին նախագահի տանը, ինչը և տեղի ունեցավ։

Լևոն Տեր-Պետրոսյանի այս քայլը ոչ միայն չքննադատվեց, այլ արժանացավ ծափահարությունների, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի թիմի կողմից:

Ամիսներ անց՝ հուլիսին, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գունդը, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն։

«Անիմաստ է բարոյախրատական քարոզներ կարդալ և հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում՝ անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։ Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող՝ իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, և նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Սերժ Սարգսյանի իշխանական ու կոալիցիոն շրջապատը բարձր գնահատեց առաջին նախագահի խոսքը: Քննադատությունը այս անգամ եկավ Նիկոլ Փաշինյանից, որը Տեր-Պետրոսյանի հայտարարությունը որակեց ամոթալի:

«Ես համարում եմ, որ դա ամոթալի հայտարարություն է… Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ դաշինք է կազմել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան։ Դա մի խայտառակ և ստորացուցիչ լուծում է Հայաստանի համար և այդպիսի լուծման համաձայնելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը։

1999թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Տեր-Պետրոսյանը աջակցություն հայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տեր-Պետրոսյանի գրավոր հայտարարությունում ասվում էր. «Կիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը` ես կուզեի բայցևայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարևորությունը»:

«Չեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` հանրապետությունում լիակատար կարգուկանոն և  հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ: Չեմ կասկածում նաև, որ հասարակության բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը չէ հապշտապ մեկնաբանությունների ու ավելորդ գնահատականների: Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետությանը նետված մարտահրավերը»,- ասվում էր Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ:

Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց և շնորհակալություն հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Դա եղավ իր հրաժարականից հետո առաջին նախագահի առաջին և վերջին զրույցը Քոչարյանի հետ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: