8 հունիս, 2020 17:41

ՊԵԿ․ Շարունակում են բացահայտվել Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանին առնչվող ենթադրյալ հանցավոր արարքները, նրա և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության համար։ Ավելի վաղ կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա հարուցվել են քրեական գործեր Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ։

Բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մարտի 23-ին որոշում է կայացվել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանը  բավարարել է։ Մինասյանի պաշտպանների կողմից ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը վերաքննիչ դատարանի կողմից վերադարձվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ 

ՊԵԿ-ն այսօր հայտնում է, որ քննչական վարչությունում քննվող լայնածավալ քրեական գործի շրջանակում իրականացվող նախաքննության ընթացքում շարունակվում են բացահայտվել Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է նաև, որ բացի նախկինում մեղսագրված արարքներից, Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը,  որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը): 

Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը լրացնելու մասին և Մ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագ, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ չորս դրվագ  և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բացի այդ՝ նկարագրված արանքներում Միքայել Մինասյանին օժանդակելու համար որոշում է կայացվել նաև Ռոզա Գևորգի Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրիք 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 

Քրեական գործի նախաքննության շրջանակում միջոցներ են ձեռնարկվում մեղադրյալների և մյուս հնարավոր հանցակիցների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արաքների բոլոր հանգամանքները բացահայտելու,  անձանց, կազմակերպությունների և (կամ)  պետությանը պատճառված վնասները, ինչպես նաև հասարակական արդարությունը  վերականգնելու ուղղությամբ։  

Աղբյուրը՝ ՊԵԿ կայքը