9 հունիս, 2020 13:26

Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ նոր տնօրենին և ոստիկանապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 9-ին Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, իսկ ոստիկանության ղեկավար կազմին՝ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:

Խոսելով ոստիկանության աշխատանքի մասին՝ Փաշինյանը նշել է, որ վերջին 3 ամիսներին ոստիկանությունը «շատ ծանր, անդադար աշխատանք է կատարել, որի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել, և ընկալումներ են փոխվել»: Բայց առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը:  

«Որքան էլ հասկանալի է, որ իսկապես ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա»,- ասել է Փաշինյանը:

Նա հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման և այս առումով ոստիկանության ծառայության որակի արագ, նկատելի բարելավման վրա՝ կարևորելով կատարված աշխատանքների և գույքագրված խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը:

Ներկայացնելով ԱԱԾ նորնշանակ տնօրեն Արգիշտի Քյարմյանինն՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ, իհարկե, ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց պետք է արձանագրենք նաև, որ մարտահրավերները և դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակն անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում: Ընդ որում՝ անվտանգություն ասելով  և այդ հասկացության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե ընդհանրապես կանխատեսված չէին՝ սկսած ընթացիկ ամենամեծ խնդրից՝ կորոնավիրուսի համավարակից, շարունակած տեղեկատվության անվտանգության, քաղաքական անվտանգության և մնացած բոլոր խնդիրներով՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն գործերի քննության որակի և դինամիկայի հետ կապված: Այդ հարցերը պետք է լուծենք»:

Կառավարության ղեկավարը մեկ այլ կարևոր խնդիր է համարել պաշտոնեական առաջխաղացման հնարավորությունը. «Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային, պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Առաջխաղացման հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադրական և օրենսդրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը՝ բոլոր ոլորտներում: Ցավոք, մենք տեսնում ենք, որ պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս շահերին և տրամաբանությանը հակառակ և երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որը շատ կարևոր է ցանկացած կառույցի գործունեության համար»: 

Գեղեցիկ Ոսկանյան