10 հունիս, 2020 13:24

Գագիկ Խաչատրյանի մյուս որդին ևս ներգրավվել է որպես մեղադրյալ. նա հետախուզվում է

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մյուս՝ կրտսեր որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Մինչ այդ հետախուզում էր հայտարարվել Գագիկ Խաչատրյանի ավագ որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ:

Խաչատրանների փաստաբանական թիմը հայտնում է, որ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ու հետախուզում հայտարարելու գործընթացն իրականացվել է «օրենքի խախտմամբ Արտյոմ Խաչատրյանից և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմից խիստ գաղտնի»: Նշվում է, որ նրանք իմացել է տեղի ունեցածի մասին «Հայկական ժամանակ» թերթից:

«Ս.թ. հունիսի 5-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Տեղեկացնում ենք, որ այս գործընթացն օրենքի խախտմամբ իրականացվել է Արտյոմ Խաչատրյանից և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմից խիստ գաղտնի: Ոչ նախքան մեղադրյալ ներգրավելը և հետախուզում հայտարարելը, ոչ էլ դրանից հետո այդ մասին վերջիններս չեն տեղեկացվել, և դա այն դեպքում, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող կոնկրետ քրեական գործով քննչական խմբի անդամները գրեթե ամենօրյա ռեժիմով խուզարկություններ էին կատարում Խաչատրյանների, այդ թվում՝ հենց Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրերում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նույնիսկ խուզարկությունների ընթացքում որևէ անգամ որևէ ծանուցագիր չի հանձնվել Արտյոմ Խաչատրյանին քննչական մարմին կանչելու վերաբերյալ, ինչը չի խանգարել, սակայն, որ քննչական մարմինն առանց որևէ հիմքի հետախուզում հայտարարի Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ:

Լուսանկարում՝ Գուրգեն Խաչատրյանը