10 հունիս, 2020 15:02

Էրդողանի «ահաբեկչական տակտիկան» և ընդդիմությունը

Վերջին շրջանում Թուրքիայում հաճախակացիել են արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները։ Հայտնի է, որ արտահերթ ընտրությունների պրակտիկան բավական տարածված է Թուրքիայում, 2018թ․ հունիսի 24-ի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները նույնպես արտահերթ էին։ Ներկայումս կորոնավիրուսի հանգեցրած տնտեսական բազում խնդիրներն օրեցօր խորանում են, ինչը բացասաբար է ազդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ու նրա «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկանիշի վրա։ Մյուս կողմից էլ Էրդողանի համար խիստ ցանկալի է իր պաշտոնը պահպանել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակից (29․10․2023) հետո (Էրդողանի պաշտոնավարումն ավարտվում է 2023թ․ կեսին), երբ նա վերջապես կկարողանա հայտարարել իր «Նոր Թուրքիայի» ստեղծման մասին՝ ի հակակշիռ ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի «Հին Թուրքիայի» (Էրդողանը դեռ 1993թ․ է հայտարարել, որ ԹՀ գործունեության 70 տարիները եղել են զուտ վատնված ժամանակաշրջան, և որ Թուրքիան այդ ընթացքում որևէ լուրջ հաջողություն չի գրանցել)։  

Այժմ Էրդողանը թերևս չի բացառում, որ երկրի տնտեսական ընթացիկ խնդիրներն ավելի կսրվեն առաջիկայում, ինչն էլ առաջացնում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։ Բացի այդ, այս անգամ էլ առկա է «հաղթական պատերազմի» ֆոն, ինչն ընտրություններից առաջ բարձրացնում է Էրդողանի ու ԱԶԿ-ի վարկանիշը․ իշխանամետ մամուլը շարունակ  հաղորդում է Լիբիայում թուրքական զենքի (ԱԹՍ-երի) հաղթանակների մասին։ Նախորդ տարիներին էլ Սիրիայում Թուրքիայի ռազմական տարատեսակ գործողություններն էին ստեղծում համապատասխան ֆոն։

Եվ վերջապես կա մեկ այլ կարևոր գործոն ևս, որը կարող է Էրդողանին մղել արտահերթ ընտրությունների։ Խոսքն այդպիսով ընդդիմությանը հանկարծակիի բերելու, համախմբման համար ժամանակ չտրամադրելու մասին է։ Դա զգալիորեն աշխատեց 2018թ․ ընտրություններում, որոնց մասին հայտարարվեց ընդամենը երկու ամիս առաջ (իրականում այդ ընտրությունները պետք է անցկացվեին 2019թ․ նոյեմբերի 3-ին՝ Թուրքիայում ԱԶԿ-ի իշխանության գալու 17-ամյակին)։

2019թ․ դեկտեմբերին և 2020թ․ մարտին Թուրքիայի քաղաքական ասպարեզ իջան երկու նոր կուսակցություն. նախկին վարչապետ, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի «Ապագան» (ԱԿ) և նախկին փոխվարչապետ, արտգործնախարար Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթացը» (ԺԱԿ)։ Էրդողանի նախկին թիմակիցների այս կուսակցությունները կարող են լուրջ գլխացավանք դառնալ նրա ու ԱԶԿ-ի համար՝ առաջիկա ընտրություններում որոշ ընտրազանգված խլելու տեսքով։ Սա առավել վտանգավոր է Էրդողանի համար, ով ոչ մեծ առավելությամբ (մոտ 51․5%) է հաղթել 2014թ․ և 2018թ․ նախագահական ընտրությունների առաջին փուլում։

Եվ այնուամենայնիվ, Էրդողանի հիմնական թիրախում Մ․ Ք․ Աթաթուրքի հիմնած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն (ԺՀԿ) է, որը հիմնական ընդդիմադիր ուժն է։ Մեր կարծիքով՝ ԺՀԿ-ը անկասկած ավելի է ակտիվանալու 2023թ․ ընդառաջ, քանի որ ԹՀ հիմնադրման 100-ամյակն առաջին հերթին լինելու է քեմալականների և ոչ թե «Էրդողանի իսլամիստների» տոնը (Աթաթուրքի ընդունած լաիցիզմի սկզբունքի համաձայն՝ իսլամը չպետք է դուրս գա մզկիթի դարպասներից, միջամտի երկրի քաղաքական գործընթացներին, մինչդեռ Էրդողանն անում է հակառակը)։

Այս համատեքստում ԺՀԿ-ի համար չափազանց կարևոր է ընդդիմադիր ուժերի համախմբումը։ ԺՀԿ-ն արդեն իսկ սերտ հարաբերությունների մեջ է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) հետ, որը 2019թ․ ՏԻՄ ընտրություններում թեկնածուներ չէր առաջադրել Թուրքիայի խոշոր քաղաքներում, աջակցել էր ԺՀԿ-ի թեկնածուներին՝ նպաստելով նրանց հաղթանակին։ Արդյունքում ԱԶԿ-ը պարտվել էր պաշտոնական մայրաքաղաք Անկարայում, ֆինանսական մայրաքաղաք Անկարայում, զբոսաշրջային մայրաքաղաք Անթալիայում և այլուր։

ԺՀԿ-ը հիմա էլ պատրաստ է արդյունավետ համագործակցել ԱԿ-ի ու ԺԱԿ-ի հետ՝ նպաստելով խորհրդարանում նրանց հայտնվելուն։ Մայիսի կեսին ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, խոսելով արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հայտարարեց, որ այդ դեպքում մի շարք պատգամավորներ կարող են լքել ԺՀԿ-ը (ԺՀԿ-ը 600 հոգանոց խորհրդարանում ունի 139 մանդատ) և համալրել ԱԿ-ի ու ԺԱԿ-ի շարքերը, որպեսզի այդպիսով ապահովվի ընտրություններին նրանց մասնակցությունը։ Բանն այն է, որ քաղաքական կուսակցությունների մասին գործող օրենքով՝ կուսակցությունը պետք է ընտրությունների օրվանից 6 ամիս առաջ գումարած լինի իր առաջին համագումարը և ավարտած լինի նախապատրաստական աշխատանքները երկրի քաղաքներից ավելի քան կեսում։ Բացի այդ, խորհրդարանում առնվազն 20 հոգանոց խմբով կուսակցությունն իրավասու է մասնակցել ընտրություններին և առաջադրել նախագահի թեկնածու։

Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն մեկ անգամ արդեն կիրառել է նման մարտավարություն, երբ 2018թ․ արտահերթ ընտրություններից առաջ նրա 15 պատգամավոր համալրեց Մերալ Աքշեների «Լավ» կուսակցությունը (ԼԿ)։ Եվ պատահական չէ, որ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը Քըլըչդարօղլուի վերոնշյալ հայտարարությունը որակեց «հակաժողովրդավարական», իսկ Էրդողանի հետ դաշինքի մեջ մտած Դևլեթ Բահչելին կոչ արեց անհապաղ ձեռնարկել քաղաքական բարեփոխումներ։ Թուրք վերլուծաբանները վստահ են, որ Բահչելին առաջարկում է բարդացնել պատգամավորների կողմից մի կուսակցությունից մյուսն անցնելը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցություն ձևավորելու համար անհրաժեշտ պատգամավորների թիվը 20-ից հասցնել 30-ի։

Կարելի է ասել, որ 2018թ․ արտահերթ ընտրությունների փորձը որոշակի դաս է ծառայել ԺՀԿ-ի համար․ Քըլըչդարօղլուի խոսքերով՝ ԺՀԿ-ն այժմ լիովին պատրաստ է արտահերթ ընտրությունների, անգամ պատրաստ է նրա նախընտրական մանիֆեստը։ Նա չի բացառել, որ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կարող է բխել Էրդողանից, ով կարող է դրան գնալ, քանի դեռ տնտեսությունը լիովին չի փլուզվել, կամ էլ տվյալ որոշումը կարող է ծագել Դ․ Բահչելիից, ով կարող է ասել, որ հոգնել է երկրի տնտեսությունը փլուզած ԱԶԿ-ից, և որ իրենք հետ են կանգնում դաշինքից։

Վերջին հարցախույզները վկայում են, որ ԺՀԿ-ը միակ կուսակցությունն է, որի վարկանիշը (3%-ով) աճել է 2018թ․ ընտրություններից հետո։ ԱԶԿ-ի վարկանիշը նվազել է 5%-ով, ինչի հետևանքով ԱԶԿ-ԱՇԿ դաշինքը հավաքելու է քվեների միայն 45․6%-ը (որից 35․8%-ը՝ ԱԶԿ-ը) և ունակ չի լինի ձևավորել կառավարություն։ Հաշվի առնելով այս ամենը՝ զարմանալի չէ, որ ԺՀԿ-ը հայտնվել է Էրդողանի առաջնային թիրախում, ով սկսել է նրա դեմ կիրառել իր «ահաբեկչական տակտիկան», որը նախկինում հաջողությամբ կիրառել է քրդամետ ԺԴԿ-ի նկատմամբ։

Էրդողանի «ահաբեկչական տակտիկան» ընդդեմ քրդերի

Մեր նախկին հոդվածներից մեկում նշել ենք, որ քրդական քաղաքական շարժումն ընտրական պլանում 21-րդ դարում հասել է աննախադեպ հաջողությունների (2015թ-ից երեք անգամ անընդմեջ հաղթահարել է 10%-անոց ընտրաշեմը), սակայն Էրդողանին հաջողվել է դրանք զգալի չեզոքացնել «ահաբեկչական տակտիկայի» կիրառմամբ։ Քուրդ պատգամավորներն ու քաղաքապետերը (և ոչ միայն) մեղադրվել են «ահաբեկչություն (PKK) սատարելու» համար, հեռացվել են զբաղեցրած պաշտոններից, նրանց փոխարեն նշանակվել են հոգաբարձուներ (դրածոներ), դատապարտվել են տևական ազատազրկման (օրինակ, ԺԴԿ նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը բանտում է գտնվում 2016թ․ աշնանից)։ Գործընթացի մասշտաբը պատկերացնելու համար՝ նշենք, որ ԺԴԿ-ը 2019թ․ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ստացավ 65 քաղաքապետի պաշտոն, սակայն հետագա 410 օրերին կորցրեց 51-ը, այդ թվում նաև 3 խոշոր քաղաքներում՝ Դիարբեքիր, Մարդին, Վան։ Ելնելով այդ ամենից՝ կարծիք էինք հայտնել, որ 21-րդ դարում քրդերը Թուրքիայում հաջողության հասնելու անհամեմատ մեծ հեռանկարներ ունեն ընտրական (և նրան փոխկապակցված ժողովրդագրական) պայքարում, մինչդեռ PKK-ի զինված պայքարը սկսել է ավելի շատ վնաս տալ, քան՝ օգուտ։ Բանն այն է, Էրդողանը փաստորեն կարող է այնքան էլ չմտահոգվել, եթե ԱԶԿ-ը խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններում մասնակի վատ արդյունքներ է արձանագրում քրդաբնակ նահանգներում, քանի որ այդ դեպքում նա գործի է դնում «Պլան Բ»-ը․ քուրդ գործիչներին մեղադրում են «ահաբեկչություն սատարելու» համար՝ դրանից բխող հետևանքներով։ Բացի այդ, PKK-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԱԶԿ-ը տվյալ նահանգներում սկսում է ստանալ ավելի շատ քվեներ՝ ի վնաս ԺԴԿ-ի։ Մեր կարծիքով՝ PKK-ն այդպիսով Էրդողանի ձեռքում վերածվել է լուրջ հաղթաթղթի և նպաստում է քրդական քաղաքական շարժման լրջագույն ձեռքբերումների չեզոքացմանը։

Էրդողանի «ահաբեկչական տակտիկան» ընդդեմ ԺՀԿ-ի

Այժմ տպավորություն կա, որ Էրդողանը սկսում է «ահաբեկչական տակտիկան» բանեցնել արդեն ԺՀԿ-ի նկատմամբ, սակայն բնականաբար ոչ PKK-ի մասով։ Այստեղ արդեն Էրդողանին «օգնության է հասնում» Թուրքիայում ահաբեկչական հռչակված FETÖ-ն, որի տակ հասկացվում է իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը։ 2020թ․ մայիսի սկզբին Էրդողանը հայտարարեց, որ ԺՀԿ-ը դեռ տենչում է ռազմական հեղաշրջումներ (զինվորականները շարունակ համարվել են երկրի աշխարհիկ ռեժիմի պահապաններ) և ԺՀԿ-ի քաղաքապետերին մեղադրեց «պաշտոնական դիրքը չարաշահելու» և այդպիսով «զուգահեռ պետություն» ստեղծելու համար։

Նկատենք, որ թուրքական իշխանությունները «զուգահեռ պետության» տակ հասկանում են Գյուլենի շարժումը, որը նրանց պնդմամբ Թուրքիայում ստեղծել է «խորքային պետություն» (deep state) - «պետություն պետության մեջ»։ Էրդողանն այդպիսով ակնարկում է, որ ԺՀԿ-ը համագործակցում է FETÖ-ի հետ, նրա թիրախում առաջին հերթին այն քաղաքների ԺՀԿ-ական ղեկավարներն են, որոնք ՏԻՄ վերջին ընտրություններում հաղթել են իշխանական թեկնածուներին։ Էրդողանն այժմ ցանկանում է կորցրածը հետ բերել «ահաբեկչական տակտիկայի», ինչպես նաև «ֆինանսական մեքենայություններ գործելու մեղադրանքի» կիրառմամբ։ Օրինակ, Թուրքիայի ՆԳՆ-ը 27 հետաքննություն է սկսել Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ՝ կապված 2012-2019թթ․ Ստամբուլի Բեյլիքդյուզյու շրջանում նրա կառավարման գործունեության հետ։ Բացի այդ, ապրիլի 18-ին Թուրքիայի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Իմամօղլուի ու Անկարայի ԺՀԿ-ական քաղաքապետ Մանսուր Յավաշի նկատմամբ, քանի որ նրանք կորոնավիրուսի պայմաններում ձեռնարկել են բնակչության խոցելի շերտերին օգնելու արշավ։

Ամփոփելով նշենք, որ առաջիկայում ակնկալում ենք ԺՀԿ-ի նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշումների սաստկացում։ Չենք բացառում, որ Էրդողանն արդեն բաց կերպ կսկսի ԺՀԿ-ին մեղադրել «FETÖ-ին սատարելու, արտաքին ուժերին ծառայելու» համար։ Էրդողանն արդեն իսկ ԺՀԿ-ին մեղադրում է պետության դեմ «նենգ արշավ» ձեռնարկելու համար՝ ընդգծելով, որ «ԺՀԿ-ը պատրաստ է ԱԶԿ-ի հեղինակությունը խաթարելու համար վնաս պատճառել սեփական երկրին»։ Թուրքիայի նախագահն այդպիսով կփորձի ձերբազատվել ԺՀԿ-ական (կարևոր) քաղաքապետերից և ընդհանրապես զգալիորեն թուլացնել ԺՀԿ-ը՝ 2023թ․ ընդառաջ։ Այսպիսի պայմաններում ԺՀԿ-ն իր հերթին փորձելու է ստանձնել լոկոմոտիվի դեր՝ համախմբելով ընդդիմադիր ուժերը (ԺԴԿ, ԼԿ, ԱԿ, ԺԱԿ), կոորդինացնել նրանց գործողությունները և արդյունքում տապալել Էրդողանի «Նոր Թուրքիայի» հռչակումը։ Այս ամենը նշանակում է, որ առաջիկայում կտրուկ սրվելու է «Հին» և «Նոր» Թուրքիաների միջև պայքարը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: