11 հունիս, 2020 16:23

ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է հանրային առողջությանը վտանգող տեղեկությունների տարածմամբ․ պարզաբանում

Հունիսի 4-ին Գերմանիայում բնակվող բժիշկ Տարոն Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դիմակների և պատվաստանյութերի անարդյունավետության վերաբերյալ հայ հասարակության շրջանում գումարի դիմաց ակցիա իրականացնելու առաջարկ է ստացել։

Տարոն Սարիբեկյանի գրառման համաձայն՝ «Հայաստանում բացվել է գրասենյակ, որտեղ մեծ լսարան ունեցող բժիշկներին տրամադրում են վերոհիշյալին վերաբերող «պետքական ինֆորմացիա»»։

ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե արդյոք ԱԱԾ-ն զբաղվում է հանրային առողջությանը վտանգող տեղեկությունների տարածման հարցով, այդ թվում՝ առողջապահական ոլորտի ներկայացուցիչների ասուլիսներով, որոնց ընթացքում կոչ է արվում չհետևել հակահամաճարակային կանոններին։

Ազգային անվտանգության ծառայությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ վերոնշյալ գրառումն ուսումնասիրվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից, որի ընթացքում «հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության դեպքում գործի կդրվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը) և 181-րդ (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները՝ նկատի ունենալով, որ այն բովանդակային առումով չի պարունակում կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին տվյալներ»։ 

#ՍիվիլՆեթ #Լուրեր