11 հունիս, 2020 10:01

Ատոմակայանի արդիականացման համար ՀՀ-ն կհրաժարվի ռուսական վարկից և կներգրավի վարկ սեփական աղբյուրներից

Կառավարությունը հունիսի 11-ի նիստում նախատեսում է հրաժարվել ատոմակայանի վերազինման և շահագործման երկարաձգման համար հատկացվելիք ռուսական վարկից։ Մեկ այլ որոշմամբ՝ ատոմակայանի արդիականացման համար Հայաստանն ինքը վարկային միջոցներ կտրամադրի։

Ըստ կառավարության որոշման՝ 2015-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի և Ռուսատոմի միջև կնքվել է էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման վարկային համաձայնագիրը` 300 մլն դոլարի ծավալով։ 2018-ի տարեվերջից վարկի ֆինանսավորման որոշ պայմանագրեր հայկական և ռուսական կողմի միջև չեն կնքվել, քանի որ ՌԴ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել վարկը։ 2020-ի փետրվարին ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է ֆինանսավորել վարկի մնացորդը՝ խստացված պայմաններով, սակայն Հայաստանի համար նշված պայմաններն անընդունելի են եղել։

«Մասնավորապես՝ արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին (աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլն), ինչպես նաև նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով: Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է՝ որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ և ծառայություններ ձեռքբերելու ատոմակայանի հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը: Բացի այդ ծրագրի կառավարման դիմաց Կապալառուն առաջարկում է իրեն վճարել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ մինչև 19,5 մլն ԱՄՆ դոլարի չափով, որը հիմնավոր չէ և անընդունելի է հայկական կողմի համար»,- նշված է կառավարության հիմնավորումներում։ 

Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքները կատարելու է «Ռոսատոմը»։ Քանի որ վարկային պայմանագրերի հետ կապված խնդիրներ են առաջացել, 3,4 մլն դոլար արդեն կատարված աշխատանքի դիմաց ռուսական ընկերությունը չի ստացել, իսկ ՀՀ-ն էլ չի համաձայնել նոր ռուսական վարկ ստանալ։ Այս պատճառով կառավարությունը կընդունի մեկ այլ որոշում, որով ատոմակայանին առաջիկա երկու տարիների ընթացքում կտրամադրի ավելի քան 62 մլրդ դրամ բյուջետային վարկ։ Վարկի ծախսման նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով։ 

Մկրտիչ Կարապետյան