11 հունիս, 2020 13:58

Երբևէ Հայաստանը չի ընդգրկվել ու չի ընդգրկվի հակաիրանական որևէ քաղաքական նախագծում. դեսպան

Երբևէ Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ, և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը: Նման հավաստիացմամբ հանդես է եկել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 10-ին Իրանի ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանը փոխանցել է իրանցի դիվանագետին տեղեկություններ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության առջև հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին: 

«Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ որոշակի դժգոհությունների մասին, վստահություն հայտնեց, որ այն չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները», - հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:

Հայաստանը Իսրայելում դեսպանատուն կբացի

Թումանյանը հիշեցրել է, որ մարտի 15-ին ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա. Հաղիղիանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման հիմնական նպատակները` երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ամրապնդում և Երուսաղեմում հայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանություն:

Կապված Մ. Ֆաղանիի դիտարկման հետ առ այն, որ որոշ շրջանակներում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ՝ դեսպան Թումանյանը նշել է, որ երբևէ Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը:

Իրանը, ինչպես և Իսրայելը, կարևոր գործընկեր են Հայաստանի համար

«ՀՀ դեսպանը ընդգծեց, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Մ. Ֆաղանին իր համաձայնությունը հայտնեց ՀՀ դեսպանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:

Մ. Ֆաղանին հստակ կերպով ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշեց, որ իրանական կողմը շարունակում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ կերպով համագործակցել Հայաստանի հետ և հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարումից հետո կկայանան արդեն պայմանավորված բարձր մակարդակի հանդիպումները: Նա գոհունակությամբ նշեց, որ համավարակի պայմաններում երկու երկրները շարունակում են պահպանել համագործակցության բարձր մակարդակը»,- հայտնում են ԱԳՆ-ից:

Հունիսի 9-ին մի քանի տասնյակ իրանցիներ Թեհրանում Հայաստանի դեսպանության դիմաց բողոքել են Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման դեմ։ Ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը, Հայաստանից պահանջել խզել դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: