11 հունիս, 2020 16:54

Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանի հորը. ՀՔԾ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել որդու կողմից ստացված շուրջ 1 մլն դոլար կաշառքի «օրինականացման համար»․ այդ մասին հայտնում է ՀՔԾ-ի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 

«Նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309 000 000 ՀՀ դրամին համարժեք 1 000 000 ԱՄՆ դոլարը», - հայտնում են ՀՔԾ-ից:

Նշվում է, որ 2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը՝ դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին:

«Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը:

Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ ՀՔԾ