11 հունիս, 2020 12:35

Մեքենայի օտարում, եկամուտ` գրքի վաճառքից. ինչ ունեցվածք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել իրենց ընտանիքի՝  2019-ի գույքի, եկամուտների հայտարարագիրը։

Նիկոլ Փաշինյանի՝ բանկային հաշիվների դրամական միջոցները 2019-ին կազմել են 3,3 միլիոն դրամ և 316  դոլար, բացի այդ՝ Փաշինյանը հայտարարագրել է 1 800 դոլար և 790 000 դրամ կանխիկ միջոցներ։ Փաշինյանի եկամուտները գոյացել են վարչապետի աշխատավարձից, որը կազմել է 11,6 միլիոն դրամ և «Անտարես» ՍՊԸ-ից ստացված միջոցներից՝ 2,4 միլիոն դրամ։ «Անտարես»-ը 2018-ին հրատարակել էր Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ 

Անցյալ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն օտարել է իրեն պատկանող Hyundai մակնիշի մեքենան։ Ըստ հայտարարագրի՝ այն անցյալ տարվա հուլիսին գնել է քաղաքացի Արսեն Մանուկյանը՝ 4,5 միլիոն դրամով։ 

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարագրել է 2009-2010 թվականների ընթացքում ձեռք բերած երեք մեքենաները՝ Nissan, Renault և VAZ մակնիշի և երկու բնակարանները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Ըստ հայտարարագրի՝ Աննա Հակոբյանի բանկային մնացորդը կազմել է մոտ 905 000 դրամ։ Հակոբյանը աշխատանqի վարձատրություն է ստացել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ 3,207 միլիոն դրամի չափով, «Մեր տպարանը» ՍՊԸ-ից՝ 1,8 միլիոն դրամի չափով։ Բացի այդ՝ «Դարեսկիզբ»-ից Հակոբյանը ստացել է մոտ 8 միլիոն դրամի փոխառություն և 1,6 միլիոն դրամի վարձակալական վճար։ 

#CivilNet #News