11 հունիս, 2020 12:01

Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ Գախարիա

Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ ինչպես հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, այս մասին Վրաստանի կառավարության այսօրվա նիստին հայտարարել է այդ երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։ Նա նշել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:

Գախարիայի խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:

«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք՝ պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի ու Վրաստանի առողջապահության նախարարների միջև, քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը։

Հունիսի 10-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով բժիշկների խումբ կուղարկի Լիտվան։