12 հունիս, 2020 13:49

Հայկական եկեղեցիների վրա հարձակումները Թուրքիայի քաղաքական մթնոլորտի ցուցիչն է․ Մուրադ Մըխճը

Վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի հայկական եկեղեցիների վրա հարձակումների, «Հրանտ Դինք» հիմնադրամին ուղղված սպառնալիքների մասին ՍիվիլՆեթը զրուցել է պոլսահայ հասարակական-քաղաքական գործիչ Մուրադ Մըխճըի (Murad Mıhçı) հետ: Մուրադը Պոլսում գործունեություն ծավալող Նոր Զարթոնք հայկական կազմակերպության և Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր՝ Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության անդամ է։

Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին ժամանակաշրջանում հայկական եկեղեցիների դեմ հարձակումներն ու «Հրանտ Դինք» հիմնադրամին ուղղված սպառնալիքները։ 

Նախևառաջ, տեղի ունեցած իրադարձությունները Թուրքիայի քաղաքական մթնոլորտի ցուցիչն է։ Իշխանության կարծիքը չկիսող յուրաքանչյուր անհատի վտանգ է սպառնում։ Մյուս կողմից, օրինակ, հարձակման ենթարկված Քուզգունջուքի եկեղեցու մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ հենց դրա հարևանությամբ գտնվող մզկիթի կառուցման գործում հայկական եկեղեցու հիմնադրամը կարևոր ներդրում է ունեցել։ Նույնիսկ տարածքը նվիրաբերել է եկեղեցու հիմնադրամը։ Դժբախտաբար,  պատմությունը աղավաղելու հետևանքով Թուրքիայում ապրող ժողովուրդները չգիտեն իրականությունը։ Նման իրողությունների մասին են ջանում բարձրաձայնել «Հրանտ Դինք» հիմնադրամն ու  նմանաբնույթ հաստատությունները, այդ իսկ պատճառով էլ նրանք հայտնվում են  սպառնալիքի դեմ հանդիման։ 

Բաքըրգյուղի և Քուզգունջուքի եկեղեցիներից վրա հարձակումներից ոչ շատ առաջ էլ հարձակվել էին Քադըքոյի Սուրբ Թագավոր եկեղեցու, Գալֆայան ու Սուրբ Խաչ Դպրեվանք  հայկական դպրոցների վրա։ Վերոհիշյալ հարձակումները չդարձան օրակարգային թեմաներ ու շատ չխոսվեց այդ մասին,  այդ իսկ պատճառով հարձակում գործածները կամ չբահայտվեցին, կամ էլ ծածկադմբոց արվեց՝ հայտարարելով՝ թե հարձակվողերը հոգեկան խնդիրներ ունեցող անձինք են։ Մենք էլ թեև սակավաթիվ ենք, սակայն շարունակում ենք մեր պայքարը՝ սպառնալիքների տարափի տակ խոսելով  իրականության մասին։ 

«Հրանտ Դինք» հիմնադրամին և անձամբ Ռաքել Դինքին ուղղված սպառնալիքների հեղինակները ձերբակալվե՞լ են։

Այո, հանրային լուրջ ճնշման տակ  սպառնալիք պարունակող էլեկտրոնային  նամակներ ուղարկածները ձերբակալվեցին։ Սակայն հարցը նրանք չեն։ Հիմնական հարցը գոյություն ունեցող այն մտայնությունն է, որ դրդել է սպառնական նամակ գրել, այսինքն՝ այն ատելության մթնոլորտը, որ նման գործողության պատճառ է դարձել։

Հրանտ ախպարիկին սպանող Օգյուն Սամասթն էլ է ձերբակալվել, սակայն ասում են, որ շուտով ազատ է արձակվելու։ Օրինակ, ի՞նչն է դրդել Օզգյունին նման քայլի դիմել։ Ուսումնասիրության առանցքային թեման իրականում այն պիտի լինի, թե ինչպես ուրիշների պատմածի ազդեցության տակ բացարձակ անծանոթ մարդու նկատմամբ ատելությամբ ես լցվում ու սպանում։ Եվ հարցն ամենևին սպանության հրահրողները չեն, այլ դա սնուցող քաղաքական ատելության մթնոլորտը։

Քաղաքական ո՞ր ուժերն ու կազմակերպություններն են դատապարտել տեղի ունեցածն ու աջակցություն հայտնել «Հրանտ Դինք» հիմնադրամին։

Ամենասկզբում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը և Ժողովուրդների դեմոկրտական կոնգրեսը գրավոր ուղերձ հղեցին՝ հայտարարելով նաև, որ հետամուտ կլինեն իրականության բացահայտմանը։ 

Նորաստեղծ «Դեվա» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը, որը եղել է կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախկին վարչապետներից մեկը, նույնպես դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։ Թեման հրապարակային դառնալու հետևանքով մերձիշխանական շրջանակներին չհաշված՝ ընդդիմադիր տարատեսակ խմբավորումներն էլ, ճիշտ է ոչ շատ կոշտ ձևով, սակայն  հանդես եկան դատապարտող հայտարարությամբ։  Սակայն տեղի ունեցածի դեմ ամենից կտրուկ հանդես եկան ու իրենց ձայնը  բարձրացրին  քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ Ինչպես միշտ, առաջինը իրենց ձայնը բարձրացրին «Նոր Զաթոնքը», Հրանտի ընկերներն ու քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններ, ինչը շատ գնահատելի էր․․․ Իսկ վտանգն իրականում դեռ չի անցել։

Երկրի քաղաքական մթնոլորտը իրապես շիկացած է։ Դա բավական ռիսկային է ինչպես երկրի փոքրամասնությունների, այնպես էլ իշխանությունների նման քաղաքականության դեմ ընդդիմացող մեզ պես մտավորականների համար։  Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ առաջիկայում էլ ավելի մտահոգիչ գործընթացների ենք ականատես լինելու։ Սակայն մենք բնավ նպատակ չունենք հրաժարվել իրականությունը բարձրաձայնելուց՝ ինչ գին էլ որ դրա համար պահանջվի։

Հարցազրույցը և թուրքերենից թարգմանությունը՝ Գոռ Երանյանի