12 հունիս, 2020 16:00

Հատուկ չվերթով վաղը Ֆրանսիայից Հայաստան կժամանի 10 բժիշկ. Արսեն Թորոսյան

Վաղը հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան կժամանի 10 բժիշկ. այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ կայցելեն ու տեղում կաշխատեն մի քանի շաբաթ»,- նշեց Թորոսյանը:

Նախարարը հավելեց, որ բանակցությունների մեջ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ և քննարկում են արտակարգ իրավիճակների համար ստեղծված թիմերի այցելությունները։ Թիմերը հավանաբար կլինեն Լեհաստանից կամ Իսրայելից, որոնք հիմա տարբեր երկրներում օգնություն են ցուցաբերում, սակայն, ինչպես նշեց նախարարը, այդ  թիմերի՝ Հայաստան ժամանելու որոշումը դեռ վերջնական չէ։

Գեղեցիկ Ոսկանյան