13 հունիս, 2020 13:50

Բևեռացման թույնի զոհը

Պատրիկ Նժդեհի Ազատյան

«Կյանքում գալիս է մի պահ, երբ այն մարդը, ով համարձակվում է բացականչել «երկուսին գումարած երկուս հավասար  է չորս», արժանանում է մահապատժի»:

Ալբեր Կամյու, ժանտախտ

Չկա նման «խիզախ» հաշվարկի համար պատժվելու ավելի հարմար պահ, քան այն ժամանակները, երբ հասարակությունը գտնվում է քաղաքականորեն ծայրահեղ բևեռացած իրավիճակում: Իսկ այս օրերին Հայաստանի քաղաքական մթնոլորտը այդպիսին է: Նման պայմաններում այս հայտարարությունն ինքնին դժվար է անել, քանզի հասարակությանն առաջնորդող հակադիր ուժերը հաճախ փորձում են բոլոր դիտարկումները և քննադատությունները համատեղել իրենց նեղ քաղաքական օրակարգում:

Այն ուժերից շատերը, որոնք թավշյա հեղափոխության պատճառով կորցրել են իրենց ազդեցությունն ու հեղինակությունը, առիթ չեն կորցնում օգտագործել իշխանության դեմ հնչեցված ցանկացած արդար կամ անարդար քննադատություն՝ վարկաբեկելու հետհեղափոխական իշխանություններին:

Սա հաճախ բարդացնում է ազնիվ քննադատի անկաշկանդ գործունեությունը: Սկսած այն պահից, երբ քննադատը հակասում է ներկա իշխանություններին, հնչեցնում է նույնիսկ մեղմ քննադատություն կամ մտահոգություն, «հակահեղափոխականների» ամբոխը որդեգրում է մեր «այլախոհին», ներկում է նրա քննադատությունը իր ճաշակի երանգներով և ինքնաբերաբար վարկաբեկում քննադատին «հեղափոխականների» և ժողովրդի լայն խավերի առջև: Ի վերջո, քննադատությունը զրկվում է իր բովանդակությունից և կորցնում իր ազդեցությունը:

Մյուս կողմից, անկախ այն երևույթից, թե նախկին իշխանությունների հետևորդներին արդեն հաջողվել է վարկաբեկել այդ քննադատական թեզը՝ իրենց եռանդուն աջակցությամբ, կամ քննադատն արդեն կասկածվում է «նախկինների» հետ մեկ անկողնում լինելու մեջ, իշխանության ներկայացուցիչները նախ դիրքավորվում են իրենց պաշտպանական խրամատներում, և այնտեղից անցում հակագրոհի: Հաճախ նրանք քննադատության բովանդակությանը չեն անդրադառնում: Դա երևի գալիս է այն հանգամանքից, որ անփորձությունը նրանց դարձնում է ծայրաստիճան զգայուն քննադատությունների նկատմամբ, շատերի մոտ առկա անհիմն ինքնահավանությունից, կամ էլ միայն այն պարզ պատճառով, որ շատ ավելի դյուրին է մարդկանց անընդհատ հիշեցնել, թե որքան վատ էր անցյալը, և որքան երջանիկ ու երախտապարտ պետք է լինի ժողովուրդը սակավապետական (oligarchic) և ավազակապետական դաժան լծից վերջապես փրկվելու համար, քան փորձել քաղաքակիրթ և մտածված ձևով հակազդել քննադատության բովանդակությանը: 

Լավագույն դեպքում, «հեղափոխականները» մատնանշում են այն փաստը, որ երկրի համակարգը ավելի ժողովրդավարական է, քան երբևէ, կաշառակերությունը սանձված է, և հիշեցնում բոլորին, որ քննադատի ինքնաշարժը (ավտոմեքենան) որպես պատիժ հրկիզման չի ենթարկվելու (ինչպես հնարավոր էր անցյալում): Թեև այս հիշեցումները իրականությունից հեռու չեն, ինքնապաշտպանողական և հեգնական այս մոլուցքը անպատասխան է թողնում քննադատության թեզը: Վատագույն դեպքում թիրախավորվում է քննադատի հեղինակությունն ու բարոյական նկարագիրը, և նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն ամբաստանվում է նախկին իշխանությունների գործակալ, եթե ոչ՝ «դավաճան» լինելու մեղադրանքով: 

Ի վերջո, ներկա մթնոլորտում հարց է դրվում «հեղափոխականների» կողմից, թե ինչու՞ որևէ քաղաքացի պետք է ցանկանա քննադատել իշխանություններին, եթե նա «հակահեղափոխական» կապեր չունի: Այնուամենայնիվ, քննադատին կրկին կհիշեցվի, որ իր ինքնաշարժը ապահով  է հրկիզվելու վտանգից: 

Այսպիսով, քննադատը երկու կողմից արժանանում է ուղղակի կամ անուղղակի ճնշումների կամ հասարակական «մահապատժի»: Նման միջավայրում այն մարդը, ով համարձակվում է բացականչել «երկուսին գումարած երկուս հավասար է չորս», ստանում է իր պատիժը: Նա պատժվում է ոչ թե իր կյանքի գնով, այլ հեղինակազրկվում է բևեռացված հասարակության կողմից: Մի խոսքով, նրա վիզը կտրվում է ոչ կառափնատով (gillotine), այլ՝ կարագով: Ի վերջո, ստեղծվում է մի իրավիճակ, ուր հաջորդ անգամ քննադատը տատանվում է հակասել կառավարության գործունեությանը և քաղաքականությանը կամ պարտավոր է զգում ամեն քայլափոխի արդարացնել իր քննադատությունը՝ կա ՛մ ներկայացնել փաստեր, որ նա «հակահեղափոխական» չէ, կա ՛մ ցուցադրել իր «հեղափոխական» հավատարմագրերը: Իսկ երբ մարդը շատ է փորձում ապացուցել իր ազնվությունը, հակառակ տպավորությունն է թողնում իր շրջապատում:

Երկրի մտավորականությունը և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր ժամանակ են տրամադրում երկրին հուզող խնդիրները ուսումնասիրելուն և դրանց արձագանքելուն, անկախ իրենց ենթագիտակցության մեջ թաքնված կամ ակնհայտ քաղաքական կողմնորոշումներից, կարևոր դեր են կատարում երկրի հասարակության և պետականության զարգացման հարցում: Նրանք կատարում են կողմանցույցի դերը մեր պետական նավի համար, հատկապես ընտրություններից ընտրություն ընկած ժամանակահատվածում: Արհամարհելով այս կողմնացույցի սլաքները և ամբողջ հույսը դնելով միայն ապագա ընտրությունների արդյունքների վրա, իշխանությունները ենթադրում են, որ երկրում երբեք չի ձևավորվելու որակական ընդդիմություն: Երևի հնարավոր է, որ ապագա ընտրություններին դեռ ձևավորված չլինի հզոր և սկզբունքային ընդդիմություն, բայց դա չի նշանակում, որ պետք է չարաշահել այդ հանգամանքը և անտեսել բոլոր քննադատությունները: Հայրս միշտ ասում էր՝ երբ գործերը լավ են, մարդը պետք չէ ամբարտավան դառնա, իսկ երբ գործերը վատ են, պետք չէ խեղճանա: Իսկ Հայաստանի քաղաքական ռազմադաշտում քաղաքական դեմքերը ամբարտավան են դառում, երբ գործերը լավ են և վատ, քննադատները որակվում են ազգային հերոս կամ դավաճան: Դժվար ենք գտնում ոսկե միջինը:

Ցավոք, այս տհաճ, չասեմ գռեհիկ, երևույթի ամենամեծ զոհը քննադատը չէ: Նա միշտ էլ կարող է ընտրել լռությունը և փրկել իր վիզը, ինչպես որ արդեն հավատարմորեն անում են երկրի մտավորականներից շատերը, չխաթարելով իրենց «հեղափոխական» համբավը: Նման բևեռացված մթնոլորտի ամենամեծ զոհը, սակայն, հանդիսանում է ճշմարտությունը: Իսկ երբ նաև ճշմարտությունն է առաջնորդվում զոհասեղան, հասարակությունը կորցնում է իր ամենահավատարիմ ընկերոջը և միակ փրկչին: 

Մեր երկրում կարծես երբեք հարմար պահ չկա իշխանություններին քննադատելու: Կա ՛մ թշնամին է սպասում ներքին քննադատությունների հոսքին, որ հարձակումներ կատարի սահմանում, կա՛մ հակահեղափոխականներն են պատրաստվում հեղաշրջման, իսկ վերջերս, համավարակն է սպառնում մեր հասարակության և տնտեսության առողջությանը: Անկախ երկրի իրավիճակից, քննադատների չեզոքացումը բարիք չէ մեր երկրի համար: 

Իհարկէ, միամիտ պետք չէ լինել: Կարելի է պատկերացնել, որ երկրում դեռ կան նախկին իշխանությունների թախծոտ հետևորդներ, ովքեր հեղափոխության պատճառով կորցրել են իրենց փառքն ու համբավը: Միամիտ կլինի նրանցից ակնկալել քայլեր ձեռնարկել չեզոքացնելու առկա բևեռացումը՝ վասն երկխոսության առողջ մթնոլորտի: Հետևաբար, առողջ և անկաշկանդ մթնոլորտի ստեղծման մարտահրավերը մնում է նրանց խաղադաշտում, ովքեր իշխանության գլուխ են եկել ժողովրդի մեծամասնության արտոնությամբ և դեռ վայելում են նրանցից շատերի վստահությունը, նույնիսկ եթե դա կարող է նշանակել, որ ոմանք պետք է զրկվեն քննադատություններին հեգնանքով և ծաղրանքով պատասխանելու քմահաճույքից:

Չկա վնաս այն վերբարմունքից, երբ քննադատություններին հակազդում ենք հարգանքով, բծախնդրությամբ և բովանդակությամբ, այլ ոչ թե կարծրատիպեր ստեղծելով և մարդկանց անձնական նկարագիրը թիրախավորելով: Քննադատների բերանը ծեփելը տաղանդ չի պահանջում: Ավելին, անաղարտ և ազատ մտածելակերպի ունակությունը սկզբունքային հեղափոխականի ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Քննադատությունները չեզոքացնելու և լռեցնելու նպատակով կեղծ միատարրության կոչեր անելը և շարքային քննադատների շրջանում «դավաճաններ» փնտրելը մեր հասարակությանը տանում է այն ջրհորի եզրը, որի թունավոր ջուրը արդեն մի քանի անգամ համտեսել ենք:

Պատկերազարդումը՝ Պատրիկ Ազատյանի

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: