14 հունիս, 2020 16:06

Իսպանիա և Թուրքիա․ ավելին, քան երկկողմ հարաբերություններ

2018 թվականին Մադրիդում տեղի ունեցած Թուրքիա-Իսպանիա 6-րդ միջկառավարական գագաթնաժողովը շարունակությունն էր 2009 թվականին Ստամբուլում սկիզբ առած միջկառավարական գագաթնաժողովներին։ 

Իսպանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական, կրթական, մշակութային և այլն։ Երկկողմ հարաբերությունները սկիզբ են առել  1782 թվականին Կոստանդնուպոլսում ստորագրված խաղաղության, բարեկամության և առևտրի պայմանագրից հետո։ 

20-րդ դարի կեսերին և համաշխարհային պատերազմներից հետո նոր մերձեցում է նկատվում երկու երկրների միջև։ Դիվանագիտական պատվիրակությունների հարաբերությունները բարձրացվել են դեսպանատան կարգավիճակի, և 1959 թվականին ստորագրվել է բարեկամության պայմանագիրը, որը հաջորդում էր ավելի վաղ ստորագրված հաշտության և դատական կարգավորման մասին իսպանա-թուրքական պայմանագրին։ 

1989 թվականին Թուրգութ Օզալի պետական այցի շրջանակներում Մադրիդում  իսպանական ընկերությունների հետ պայմանագրեր ստորագրվեցին, ինչի դիմաց Իսպանիան պատրաստակամություն հայտնեց աջակցել Թուրքիային՝ Եվրոպական ըտնանիքի մաս կազմելու գործընթացում։

Այդ ժամանակից ի վեր Իսպանիայի բոլոր կառավարությունները, անկախ քաղաքական գաղափարախոսություններից ու ծրագրերից, սատարել են Թուրքիային` Եվրամիությանը միանալու ցանկությանը:

Մասնավոր հատվածը և տնտեսական օրակարգը եղել և մնում են կարևոր գործոններ երկու երկրների ներկայի հարաբերությունների ձևավորման մեջ: 1996 թվականին, երբ Թուրքիան Եվրոպական Միության հետ Մաքսային միության համաձայնագիրը ստորագրեց, երկրների առևտուրը զարգացավ։

1998 թվականին Թուրքիայի և Իսպանիայի միջև ստորագրված Գործողությունների համատեղ պլանը ընդլայնեց երկու երկրների միջև ստեղծված վստահությունը և հարաբերությունները:

Իսպանական ընկերությունները Թուրքիայում ակտիվ մասնակցում ու ներդրում են կատարում հյուրանոցային, ճանապարհաշինական, ենթակառուցվածքների, սպասարկման, բանկային, ապահովագրական  և այլ ոլորտների նախագծերում։ Նորաձևությունը և տեքստիլ արտադրությունը ամենազարգացած ու կատարելագործված ոլորտն է, որի շնորհիվ իսպանական տարբեր ընկերություններ համագործակցում են թուրքական ընկերությունների հետ՝ հումք ներկրելով Իսպանիա կամ արտադրելով այնտեղ։ 

1989 թվականին ստորագրված պայամանագրերից հետո երկու երկրների  քաղաքական, ինստիտուցիոնալ, առևտրային և ներդրումային հարաբերությունները կրկնապատկվելով՝ հաստատվել են որպես արտոնյալ համագործակցություն (Իսպանիան այսպիսի հարաբերություններ հաստատել է Միացյալ Նահագների, եվրոպական որոշ երկրների և Թուրքիայի հետ)։ Այս հարաբարությունների արդյունքում Ստամբուլում բացվել Իսպանիայի հյուպատոսություն և Սերվանտեսի անվան ինստիտուտ, իսկ Բարսելոնայում բացվել է Թուրքիայի հյուպատոսություն, իկս 2006 թվականին՝ Թուրք-իսպանական մշակութային կենտրոնը (Casa Turca), որը մասնաճյուղեր ունի Մադրիդում, Բարսելոնայում և Ալիկանտեում։ 

2017 թվականին Թուրքիայի և Իսպանիայի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 12,681 միլիարդ ԱՄՆ դոլար։ Թուրքիայի տարբեր ոլորտներում գործում է 664 իսպանական ընկերություն, իսկ Իսպանիայում գործում է շուրջ 75 թուրքական ձեռնարկություն։ Տարեկան մոտավորապես 300 հազար թուրք զբոսաշրջիկ այցելում է Իսպանիա, իսկ հակառակ ուղությամբ մեկնում է շուրջ 125 հազարը։ Թուրքիայի դեսպանության տվյալներով՝ Իսպանիայում բնակվում է շուրջ 5 հազար թուրք։ 

Ուշագրավ է նաև միջազգային ոլորտում Իսպանիայի և Թուրքիայի միջև փոխըմբռնումը: Երկու երկրները մաս են կազմում Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL), որպես Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամ երկրներ ներգրավվում են տարբեր գործողությունների։ Անդամ են՝ Միջերկրածովյան միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և միջազգային  այլ կազմակերպությունների։ Իսպանիան ու Թուրքիան տարբեր տարածաշրջաններում մասնակցում են համատեղ ռազմական գործողությունների, Իսպանիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Թուրքիային՝ Սիրիայի գործողությունների առումով և վաճառում է զենք ու զինամթերք։ 

Թուրքիայի և Իսպանիայի հարաբերություններում որևէ խնդիրներ չկան և դրանք հետապնդում են ռազմավարական շահեր։ Երկու երկրները գտնվում են Միջերկրական ծովի հակառակ ծայրերում և այս ուղությամբ ունեն համատեղ ծրագրեր։ Երկու երկրներում էլ կան փոքրամասնությունների կամ ներպետական խնդիրներ: Իսպանիայի հանրությունը Թուրքիայի մասին ընդհանրապես դրական կարծիք ունի: Իսպանիայում Թուրքիայի Եվրամիության անդմակցության դեմ արտահայտվողները քաղաքական որևէ բանավեճ կամ քննարկում չեն կազմակերպում:

Իսպաիայի խորհրդարանը, կառավարությունը և տեղական ինքնակառավաման մարմինները զգուշավորություն են ցուցաբերում այն բանաձևերի հարցում, որոնք անկախ բովանդակությունից, կարող են պատճառ լինել վերոնշյալ հարաբերությունների նվազագույն լարվածության։ Տարբեր ժամանակահատվածներում խորհրդարանի տարբեր հանձնախմբերում, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել, իշխող կուսակցությունը դեմ է քվեարկել, իսկ ընդիմադիրների մեծամասնությունը դեմ կամ չեզոք դիրք է որդեգրել։ Այսպիսի վերաբերմունքի պատճառը և արդարացումը ռազմավարական գործընկերոջը չնեղացնելու մեջ է։

Ինքնավար մարզերի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունելուց հետո ճնշումներ են գործադրվել և´ կենտրոնական իշխանությունների, և´ ուղղակի Թուրքիայի ներկայացուցիչների կողմից։ 

Թուրքիայի կողմից որևէ դժգոհության չարժանանալու նպատակով նման ճնշումների են ենթարկվել և երբեմն չեղարկվել են այնպիսի որոշումներ, որոնք ուղղակի վերաբերել են Թուրքիայի ներքին խնդիրներին կամ արտաքին մարտահրավերներին։  

Տաթեւ Սուլյան

12 Հունիս 2020
Բարսելոնա
[email protected] 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: