18 հունիս, 2020 11:36

Էրդողանը փակ նիստում քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը և «հայկական լոբբիի» դեմ պայքարը, ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի վերաբերյալ։

«Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը»։

***

Ինչպես հաղորդում է Թուրքիայի կառավարամետ Anadolu գործակալությունը, հունիսի 16-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստին քննարկվել է հարցը, թե ինչպես արձագանքել Հայոց ցեղասպանության վերաբերյալ «անհիմն և հակաթուրքական մեղադրանքներին»։

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, չորս ժամ տևած փակ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան «թույլ չի տալու ատելություն սերմանել աղճատված պատմական իրադարձությունների միջոցով»։

Ըստ հայտարարության՝ մեղադրանքի թիրախում է «հայկական լոբբին», որը կանխարգելելու համար քննարկվել են «համապարփակ քայլեր», ինչպես նաև նախագծեր, որոնք «կարող են լույս սփռել պատմական և իրավական ասպեկտներ ունեցող հարցերի վրա»։