19 հունիս, 2020 12:46

Ռոբերտ Քոչարյանի գրավի գումարը կվճարեն մի քանի խոշոր գործարարներ․ Քոչարյանի գրասենյակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում․ այս մասին ասված է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հայտարարության մեջ:

Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։ 

«Ողջունելով դատարանի որոշումը՝ շուրջ 500 օր տևած ապօրինի կալանքը վերացնելու առումով, միևնույն ժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ», - ասված է Սողոմոնյանի հայտարարության մեջ:

Նա նշում է, որ սա աննախադեպ մեծ գումար է, որը Հայաստանում երբևէ չի կիրառվել որպես գրավ։ «Նման չափի գրավի սահմանումը կարող է հարցականի տակ դնել յուրաքանչյուր մեկի ազատ արձակվելու հնարավորությունը և ստիպել հրաժարվել գրավի վճարումից՝ համարելով այն դատարանի կողմից կայացված գործնականում անիրականանալի որոշում։ Հատկապես, որ գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր։

Թերևս այս հանգամանքի ակնհայտությունն էր պատճառը, որ դատական վճռի հրապարակումից անմիջապես հետո բազմաթիվ զանգեր ենք ստացել առանց չափազանցության հարյուրավոր անհատներից, որոնք իրենց պատրաստակամու­թյունն են հայտնել աջակցել գրավի վճարման հարցում՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով», - նկատում է Սողոմանյանը:

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացնում է, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում։ 

«Նախագահ Քոչարյանի, նրա ընտանիքի և պաշտոնաթող նախագահի գրասենյակի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ով աջակցում է մեզ՝ անկախ պատեհությունից ու քաղաքական վայրիվերումներից», - նշում է Սողոմոնյանը։

***

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը բավարարվեց․ ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ կարձակվի, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 միլիարդ դրամ գրավի չափով։ Նիստը նախագահում էր դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ։

Ավելի վաղ Վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, որի համաձայն՝ միչև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանը մնալու էր «Իզմիրլյան» ԲԿ-ում։