19 հունիս, 2020 12:33

Վատնում, պաշտոնեական կեղծիք. ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Վլադիմիր Գասպարյանին և Լևոն Երանոսյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Այդ մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:

Համաձայն հաղորդագրության՝ քրեական գործով պարզվել է, որ 1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության /2007թ.-ից` ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում: 

«Այն է` ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54 790 433 ՀՀ դրամ, որից 21 691 481 ՀՀ դրամը` Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում», - ասված է հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև:

«Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը` Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 000 000 ու 10 000 000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների` ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին և ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին:

Դրանից բացի, Վլադիմիր Գասպարյանը 10 000 000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին:

Քրեական գործի  նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: 

Քրեական գործի մանրամասները՝ ՀՔԾ կայքում