21 հունիս, 2020 16:05

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ միջնորդությունը մերժվեց։

***

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել երեք տարբեր քրեական գործերի մասին, որոնք առնչվում են Ծառուկյանին։

Գործերից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ընտրակաշառք բաժանելուն, մյուսը՝ ապօրինի խաղատներ աշխատեցնելուն և պետությանն ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս պատճառելուն և երրորդը՝ Առինջ համայնքում հողատարածքի ապօրինի օտարմանը։ Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իր գործը համարում է «անհիմն և շինծու»։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Միջնորդության քննությունը տևել է երեք օր։