22 հունիս, 2020 20:03

Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում

Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ձայների 89 կողմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Նախագիծ ներկայացրել ու հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Ի՞նչ է ենթադրում այս նախագիծը

«Իմ քայլը» այս նախագծի ընդունմամբ ըստ էության լուծում է տալիս սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին։ Նախագծով նախատեսվում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, ովքեր 12 և ավելի տարի այդ պաշտոնում են։ ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները սրանով կդադարեն (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան): Վերջիններիս տեղը թափուր մնալուց հետո համալրելու են նախագահի, կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ կողմից հավանության արժանացած թեկնածուները։ Դրանից հետո կկազմակերպվի ՍԴ նոր նախագահի ընտրություն։ 

Ինչպե՞ս էին փորձում հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը

«Իմ քայլը» մինչ այս տարբերակը երկու անգամ փորձել էր այլ եղանակներով հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը։ Դրանցից առաջինով, որն ընդունվեց դեկտեմբերին,  ՍԴ դատավորները երկամսյա ժակետում հնարավորություն ունեին հրաժարական տալ ու գնալ վաղ կենսաթոշակի՝ դրա շրջանակում իրենց ամբողջական աշխատավարձի չափով թոշակ ստանալով։ Հրայր Թովմասյանն այս առաջարկը որակել էր որպես «կաշառք»։ ՍԴ ոչ մի անդամ այս մեխանիզմից չօգտվեց։ 

Երկրորդ փորձով «Իմ քայլը» խորհրդարանում շրջանառեց ու ընդունեց սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում էր, որ Սահմանադրական դատարանի 7 անդամների հետագա պաշտոնավարման հարցը պետք է որոշի ժողովուրդը և հանրաքվեի միջոցով ՍԴ կազմը պիտի ցրվի։ 88 կողմ, 15 դեմ ձայներով այս առաջարկը խորհրդարանում հավանության արժանացավ։ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ապրիլի 5-ը նշանակվեց հանրաքվեի անցկացման օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հարավից սկսեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի քարոզարշավը։ Շատ չանցած՝ Հայաստանում սկսվեց կորոնավիրուսի տարածման ալիք, քարոզչությունը դադարեց, երկրում հայտարարվեց արտակարգ դրություն և խորհրդարանը չեղարկեց հանրաքվեի անցկացումը։ 

Հունիսի 22-ի նիստը ՍԴ-ի ներկա կազմի հետ հարցերը լուծելու երրորդ փորձի օրն էր։ 

Ի՞նչ է ասում Վենետիկի հանձնաժողովը

Արդարդատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ պարզաբանումներ և կարծիք ակնկալելով ՍԴ շուրջ ստեղծված կացության մասին։ Վենետիկի հանձնաժղովը կարծիք է հայտնել, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով ներդրվել է սահմանադրական դատարանի եվրոպական մոդել, որից իշխանությունները հետ չեն կանգնում։ Վենետիկի հանձնաժողովը նպատակահարմար է համարել ՍԴ նախագահների կարճ պաշտոնավարումը, որը թույլ չի տա ձևավորել հիերարխիկ մթնոլորտ։ Հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի դեպքում ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը: Սա կարող է հանգեցնել դատարանի նախագահի դերի գերակշռությանը, և նպաստավոր չէ դատավորների միջև կոլեգիալության մթնոլորտի ձևավորման համար: Ուստի, Հանձնաժողովի եզրակացությունն այն է, որ ի տարբերություն դատավորների պաշտոնավարման ժամկետների, դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի առումով իշխանություններն առավել մեծ հայեցողության հնարավորություն ունեն, և այդ ժամկետի կրճատումը հնարավոր է։ Հանձնաժողովը միաժամանակ խորհուրդ է տալիս նախատեսել որոշակի անցումային ժամկետ։

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում քվեարկությունից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի:

Ընդունվեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կստորագրի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ»:

Մկրտիչ Կարապետյան