22 հունիս, 2020 13:02

Մո՞տ է արդյոք Լուկաշենկոյի՝ իշխանությունից հեռանալու պահը

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որոնց մասնակցելու է նաև 1994 թ. ի վեր երկրի անփոփոխ ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

Վերջին ամիսներին Բելառուսը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվում հիմնականում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի իր յուրօրինակ ռազմավարության պատճառով։ Բելառուսը եվրոպական հազվագյուտ երկրներից էր , որտեղ համավարակի դեմ պայքարի համատեքստում որևէ կարանտինային միջոցառումներ չեն ձեռնարկվել, և այս առումով այն գերազանցում էր նույնիսկ Շվեդիային։ Սակայն վերջին օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի նորություններն աստիճանաբար երկրորդ պլան են մղվում ներքաղաքական ակտիվ գործընթացների պատճառով։ 

Նախորդ քսանհինգ տարիների ընթացքում Բելառուսում թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրություններն ընթանում էին նույն սցենարով։ Արևմտամետ և ժողովրդավարական փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերը փորձում էին պայքարել Լուկաշենկոյի դեմ, սակայն այդ ամենն ավարտվում էր ընդդիմադիր թեկնածուների ձերբակալություններով, իսկ 1999-2000 թթ. նաև անհետացումներով, ու Լուկաշենկոյի համոզիչ հաղթանակներով։ 

2000-ականների սկզբից Բելառուսի իշխանություններն ընդդիմության պայքարը ներկայացնում էին Արևմուտքի կողմից հետխորհրդային տարածքում կազմակերպվող «գունավոր հեղափոխությունների» համատեքստում՝ պնդելով, որ ընդդիմությունը խամաճիկ է օտար պետությունների ձեռքում։ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված տնտեսական խիստ պատժամիջոցներն ավելի էին խորացնում Արևմուտքի կողմից Բելառուսի և անձամբ Լուկաշենկոյի դեմ իրականացվող պայքարի վերաբերյալ ընկալումները։

Լուկաշենկոն ազդեցիկ մրցակից ունի

Այս անգամ, սակայն, իրավիճակն էականորեն տարբերվում է «ընդունված չափանիշներից»։ Լուկաշենկոյի հիմնական հակառակորդը ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից վերահսկվող «Բելգազպրոմբանկը» շուրջ քսան տարի ղեկավարած Վիկտոր Բաբարիկոն է, որը համարվում է Լուկաշենկոյի առավել լուրջ մրցակիցը։ Պատահական չէ, որ հունիսի 4-ին Լուկաշենկոն հայտարարել է, որ Բաբարիկոն անօրինական ճանապարհով գումարներ է աշխատել, իսկ արդեն հունիսի 11-ին «Բելգազպրոմբանկում» խուզարկություններ իրականացվեցին, ձերբակալվեցին բանկի ավելի քան մեկ տասնյակ ղեկավար աշխատակիցներ։

Ռուսական «Գազպրոմին» պատկանող բանկի ղեկավարի կողմից նախագահական ընտրություններին մասնակցելու փաստը Բելառուսում գնահատվում է որպես Կրեմլի՝ Լուկաշենկոյից դժգոհության ակնհայտ ապացույց։ Երկկողմ հարաբերությունները սկսել էին սրվել 2015 թ., երբ Լուկաշենկոն մերժեց Բելառուսում ռուսական ռազմաօդային ուժերի ռազմակայան հիմնելու Ռուսաստանի առաջարկը։ Դրանք էականորեն լարվեցին այն բանից հետո, երբ 2019 թ. կայացած ինտենսիվ բանակցություններից հետո Լուկաշենկոն մերժեց դեռևս 1999 թ. ստորագրված Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն ստեղծելու համաձայնագրի շրջանակում ինտեգրման գործընթացներն ակտիվացնելու Կրեմլի առաջարկը։ 

Արդեն 2020 թ. սկզբին Ռուսասստանն էականորեն նվազեցրեց Բելառուսին շուկայականից ցածր գներով մատակարարվող նավթի ծավալները և միևնույն ժամանակ մերժեց Բելառուսին մատակարարվող բնական գազի սակագինն իջեցնելու պաշտոնական Մինսկի առաջարկը։ Բելառուսն այժմ ռուսական գազը գնում է 127 դոլարով՝ 1000 խորանարդ մետրը [Հայաստանը ռուսական գազը գնում է 165 դոլարով]։ 

Նախագահական ընտրություններին ընդառաջ Բելառուսի սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացնող այս քայլերը շատ փորձագետներ համարում են Ռուսաստանի փորձ՝ խարխլելու երկրի ներսում Լուկաշենկոյի դիրքերը։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հասարակության մի զգալի հատված աջակցում էր Լուկաշենկոյին, քանի որ ուներ չնայած ցածր, բայց երաշխավորված եկամուտ։ Այս շերտերը հիմնականում բաղկացած են ինչպես պետական համակարգի աշխատողներից ու թոշակառուներից, այնպես էլ պետության սեփականություն հանդիսացող խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ընգրկվածներից։ Արդեն 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին, դեռևս մինչ կորոնավիրուսային համավարակի բռնկումը, Բելառուսում արձանագրվեց համախառն ներքին արդյունքի մինչև 2 տոկոս անկում, իսկ կորոնավիրուսային համավարկն էլ ավելի է վատթարացրել տնտեսական իրավիճակը։ 

Բելառուսը բազմազանեցնում է արտաքին քաղաքականությունը

Բելառուսի իշխանությունները վերջին տարիներին քայլեր են ձեռնարկել արտաքին քաղաքականության բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) ուղղությամբ։ Առաջին հերթին պետք է նշել Չինաստանի հետ հարաբերությունների ինտենսիվ զարգացումը։ Երկու պետությունները Բելառուսում իրականացնում են «Մեծ քար» ինդուստրիալ գոտու ստեղծման ծրագիրը, որի ռազմավարական նպատակը Բելառուսը Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության կարևոր մասնակից դարձնելն է։ 

Լուկաշենկոն քայլեր է ձեռնարկում նաև Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսելու ուղղությամբ։ 2019 թ. սեպտեմբերին 11-ամյա ընդմիջումից հետո Բելառուսը և ԱՄՆ-ը հայտարարեցին դեսպաններ փոխանակեու որոշման մասին, իսկ 2020 թ. փետրվարի 1-ին Մինսկ այցելեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ամբողջությամբ բավարարել Բելառուսի՝ գազի և նավթի պահանջարկը։ 2020 թ. մայիսին Բելառուսը ստացավ ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը, սակայն հասկանալի է, որ կարճաժամկետ հեռանկարում Բելառուսը կշարունակի զգալի կախվածության մեջ մնալ ռուսական նավթի և գազի մատակարարումներից։

Ներքաղաքական իրավիճակը Բելառուսում կտրուկ սրվեց հունիսի 18-ի երեկոյան, երբ իրավապահ մարմինները ձերբակալեցին Բաբարիկոյին և նրա որդուն։ Հատկանշական է, որ ձերբակալումը տեղի ունեցավ հունիսի 19-ին նախատեսված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ընդամենը ժամեր առաջ։ Այս քայլը կարելի է գնահատել որպես Լուկաշենկոյի հստակ ուղերձ Մոսկվային, որ նա չի պատրաստվում հանդուրժել Կրեմլի որևէ միջամտություն ընտրություններին։ 

Հունիսի 19-ին ավելի քան 140 մարդ բերման ենթարկվեց Բաբարիկոյի ձերբակալության դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ։ Նույն օրը, նախքան Լավրովի հետ Մինսկում հանդիպելը, Լուկաշենկոն հեռախոսազրույց ունեցավ նաև Ռուսասստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցի և Լավրովի հետ հանդիպման մասին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվի սեպ խրել ռուս-բելառուսական եղբայրական հարաբերություններում և վերահաստատել է հունիսի 24-ին Մոսկվայում նախատեսված հաղթանակի շքերթին իր մասնակցությունը։

․․․

Այնուամենայնիվ, թե՛ երկկողմ ռուս-բելառուսական հարաբերությունները և թե՛ Բելառուսի ներքաղաքական իրավիճակը շարունակում են լարված մնալ։ Մի շարք փորձագետներ չեն բացառում, որ անկախ Բաբարիկոյի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակի հետագա ընթացքից, ընդդիմությունը չի ճանաչի օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները և Ռուսաստանի աջակցությամբ կփորձի բողոքի փողոցային գործողություններ իրականացնել՝ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով։ 

Հետաքրքիր զուգադիպությամբ Ռուսաստանը կարող է հետխորհրդային տարածքում իշխանափոխություն կազմակերպել՝ կիրառելով նույն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվել են 2003 թ. նոյեմբերին Վրաստանում և 2004 թ. դեկտեմբերին ու 2014 թ. հունվար-փետրվարին Ուկրաինայում հակառուսական դիրքորոշման գործիչներին իշխանության բերելու նպատակով։  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: