24 հունիս, 2020 10:48

ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Զաքիր Հասանովի՝ «ամերիկյան տեսահսկման համակարգերի» մասին հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ադրբեջանական CBC TV Azerbaijan հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանելով հարցադրումը, թե շփման գծում «հանգիստ է դարձել», խոսել է «հայերի կողմից ԱՄՆ-ի հովանավորությամբ տեսահսկման համակարգերի տեղադրման մասին»։

«Հայերը, ԱՄՆ իրենց հովանավորների շնորհիվ, ձեռք են բերել, - ճիշտ է՝ ոչ ոք ինձ այդպես էլ չպատասխանեց՝ ինչպես, - ռազմական նշանակության սարքավորումներ և շփման գծի երկայնքով տեղադրել տեսահսկման համակարգեր, իրենք էլ նահանջել են, որպեսզի մենք չկարողանանք նրանց հասնել հրաձգային զենքով»,- գանգատվել է Հասանովը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ինքը դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին այդ սարքավորումների հարցով, «սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստացել»։

ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից պատասխանեցին, որ հրաժարվում են մեկնաբանել Զաքիր Հասանովի հայտարարությունը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր