24 հունիս, 2020 11:53

Ջարդվող կարծրատիպերը հայկական ՏՏ միջավայրում․ զրույց Եվա Հյուսյանի հետ

«Ցանկացած նոր բան անելը շատ բարդ է, և այդ բարդության մեջ կին լինելն ինձ երբեք չի խանգարել»․ ՏՏ ոլորտի SoloLearn ընկերության համահիմնադիր Եվա Հյուսյանը, որը այս բնագավառ է տեղափոխվել տասը տարի առաջ, վստահ է՝ ստարտափ անելն ավելի բարդ է, քան որպես կին ինչ-որ այլ բան անելը: 

Մասնագիտությամբ տնտեսագետ Եվա Հյուսյանին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միշտ է հետաքրքրել։ Նա այն ամենադինամիկ ու արագ զարգացողն է համարել Հայաստանում:

«Երբ որ մութ էր, ցուրտ էր, ու ոչ մի բան չկար, IT-ում ինչ-որ շարժ էր արձանագրվում: Ամուսինս էլ է այս ոլորտից, ու ես միշտ նախանձով էի նայում, որ իրենց մոտ անընդհատ նոր բաներ էին կատարվում, իսկ մեզ մոտ կյանքը շատ դանդաղ էր: Այդ ժամանակ Հայաստանում բացվում էր Microsoft ինովացիոն կենտրոնը, դիմեցի և սկսեցի աշխատել այդ կենտրոնում»: 

Թիմը սկզբնական հատվածում փոքր էր, չկային հստակ պլաններ, թե ինչ պետք է անել,  որտեղից սկսել և այլն: Եվայի խոսքով՝  հենց այդ ընթացքում որոշվեց բացել առաջին ստարտափը: 

«Շատ արագ մասնագետներ էինք պատրաստում, որոնք հետո մեր հայկական ՏՏ ընկերություններում աշխատանքի էին տեղավորվում: Երևի ամենաառաջինն էինք մեր տարածաշրջանում: Ստարտափային փորձն այդտեղ սկսվեց, երբ ուսանողական տարբեր խմբերի հետ ամեն բան պատրաստում էինք՝ սկսած բջջային հավելվածներից, վերջացրած ռոբոտներով: Մի քանի տարվա մեջ մենք իրենց հետ շատ ինտենսիվ աշխատեցինք բոլոր բնագավառներում: Ինովացիոն կենտրոնի այդ հիմնադիր թիմից շատերը հիմա SoloԼearn-ում են»:

SoloԼearn-ի մասին

Ընկերությունը ստեղծվել է 2013-ին, առաջին արտադրանքը՝ բջջային հավելվածը, շուկա է մտել 2014-ին: 

Եվա Հյուսյանը նշում է, որ բջջային հավելվածների միջոցով կրթություն ստանալը իրենց համար սկզբում շատ «աննորմալ» գաղափար էր, չկային պատկերացումներ, թե ինչպես կարելի է բջջայինով ծրագրավորում սովորել։ Սակայն նաև մտածում էին, որ շատ հարմար ու հասանելի տարբերակ է, որովհետև ցանկացած պահի, երբ կա մի փոքր ազատ ժամանակ, կարելի է բացել ծրագիրը, ինչ-որ բան փորձել, որևէ նոր բան սովորել: Հենց այդ ձւաչափով էլ սկսեց աշխատանքը SoloԼearn-ը:

«Երկու համահիմնադիր էինք։ Մյուս համահիմնադիրը ծրագրավորող է, տեխնիկական մարդ է, ես ավելի շատ բիզնես մարդ եմ եղել։ Սակայն SoloLearn-ի ամբողջ բովանդակությունը մենք երկուսով ենք պատրաստել, և հենց այդտեղ ես սկսեցի սովորել ծրագրավորում։ Չեմ կարող ասել, որ ես այժմ լավ ծրագրավորող եմ, բայց գիտեմ, թե ինչպես են ծրագրավորողները մտածում, թե ինչպես են ծրագիր գրում, և դա ինձ այսօր շատ է օգնում: 

Մյուս համահիմնադիրը մշակում էր մեր դասընթացների ծրագրերը, ես նրանից սովորում էի։ Երբ արդեն սկսում էի լավ հասկանալ ու գիտեի, որ կարող եմ արդեն ինչ-որ բաներ անել, այդ ժամանակ արդեն հրապարակում էինք այդ ամենը»:

Կանանց փոխվող դերի մասին

Եվա Հյուսանն ասում է, որ 10-15 տարի առաջ ընդունված չէր, որ որոշակի գործունեությունների մեջ կարող են լինել նաև կանայք:

«Երբ ես Microsoft-ում էի, կառավարության հետ շատ ակտիվ համագործակցության փուլի մեջ էինք, որովհետև մեր հիմնական հաճախորդները կառավարությունից էին: Շատ հետաքրքիր էր վերաբերմունքը, երբ տղամարդկային կառավարական օղակների մեջ ես մտնում: Ես շատ հաճախ նկատում էի, որ նրանք չգիտեն՝ ինչպես վարվել կանանց հետ, այսինքն՝ ոչ թե քեզ վատ են վերաբերվում, այլ պարզապես նրանց համար անսպասելի է, որ իրենց հետ տղամարդ չի բանակցողը»,- ասում է Հյուսյանը։

«Ես ինձ համար շատ հետաքրքիր բացահայտում արեցի՝ շատ դժվար է տղամարդկանց աշխարհ մտնելը, բայց եթե մտնում ես ու քեզ ընդունում են, ստանում ես մեծ խաղաքարտ, որը կարող ես օգտագործել երբ ուզես, քանի որ իրենք չգիտեն՝ ինչպես վարվել, և այն օրենքները, որոնք տղամարդկանց աշխարհում գործում են, մեր դեպքում չեն կիրառվում։ Դու իրենց համար անսովոր ես, կարող ես խառնել ամեն բան, քանդել, նոր օրենքներ թելադրել: Սա ինձ համար կյանքի փորձառություն էր: Ես ինձ վրա երբեք չեմ զգացել, որ ճնշված եմ, ես երբեք չեմ էլ մտածել, որ սեռերի միջև պետք է տարբերություն դնել, դեռ փոքր հասակից ինձ այդպես են մեծացրել, ես ու եղբայրս միշտ հավասար ենք եղել: Այնպես չէ, որ աղջիկը պետք է դիպլոմ ստանա և ամուսնանա, իսկ տղան պետք է կոնկրետ բաների հասնի: Երևի հենց այդտեղից էլ է եկել, որ ես ինքս երբեք չեմ մտածել, որ ես կին եմ, ու հնարավոր է՝ ինձ այլ կերպ վերաբերվեն, կամ ինձ ինչ-որ բաներ թույլատրելի են կամ ոչ»:

Իգական սեռի ներկայացուցիչների պակասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ըստ նրա, պայմանավորված է հանգամանքով, որ բազում տարիներ եղել է կարծրատիպային մտածողություն կանանց ու տղամարդկանց համապատասխան մասնագիտությունների մասին, ոլորտներ են եղել, որտեղ աշխատել են բացառապես տղամարդիկ, ու եղել են ոլորտներ, որտեղ, ընդհակառակը, աշխատել են կանայք: 

«Շատերը մտածում են, որ եթե դու կին ես, ապա չես կարող լավ ծրագարվորող լինել: Բայց կարծում եմ, որ վերջին մի քանի տարվա մեջ այդ մտայնությունը շատ արագ փոխվում է,- ասում է Հյուսյանը և հավելում։- Այո՛, ոլորտում տղաները շատ են, բայց աղջիկներն էլ են շատ, քանի որ կրթվում են բոլոր հնարավորություններով: Նախկինում, օրինակ, աղջիկներին այս ոլորտում աշխատանքի էին վերցնում զուտ միայն նրա համար, որ աղջիկ էին»: 

Սիլիկոնյան հովտում մի ընթացք կար, երբ կանանց շարժումը ուժեղացավ, կանայք սկսում էին բարձր պաշտոններ ստանձնել ոչ միայն իրենց արժանիքների, այլև կին լինելու համար։ 

«Այդ փուլն էլ անցանք: Առհասարակ, անցանք մի փուլ, երբ աղջիկները ոլոտում չկային, իրենց չէին կրթում ու չէին վերցնում, հետո եկավ երկրորդ փուլը, երբ կնոջն աշխատանքի վերցնելը պարտադիր էր դարձել, բայց համապատասխան կրթությամբ կին չկար: Հիմա կարծես թե մտնում ենք վերջնական ու ամենաճիշտ փուլ, երբ մարդկանց աշխատանքի են վերցնում ըստ իրենց արժանիքների»:

Կարծրատիպերի մասին

Կարծրատիպերը գալիս են մանկությունից, ընտանիքից, դպրոցից։ Հյուսյանը հիշեցնում է, որ գիրք էր տպագրվել աղջիկ և տղա երեխաների համար, որտեղ  ներկայացված էին համապատասխան մասնագիտություններ, ինչը իր համար անընդունելի է: 

Խոստովանում է, որ ներկա պահին սկսել է ավելի շատ անհանգստանալ տղաների համար, քանի որ մեզանում առկա տղայապաշտությունը պատճառ է դառնում տղաների՝ իրականությունից կտրվելուն:

«Տղաներին ինչ-որ առավելություններ են տալիս, որոնք իրենք չունեն և հետո իրենք իրենց կյանքում կորցնում ու չեն գտնում: Այսօր Հայաստանում սա ինձ համար ավելի մեծ խնդիր է, քան աղջիկներինը, քանի որ եթե նայենք՝ այսօր աղջիկները ավելի կրթված են, ավելի ինքնուրույն են, մի քիչ լավ կազմակերպություններում հիմնականում աղջիկներ են աշխատում։ Հնարավոր է՝ ծրագրավորման ոլորտը բացառություն է, սակայն այստեղ էլ աղջիկները գնալով՝ ավելանում են»,- ասում է Եվա Հյուսյանը։

Տղաներին, նրա խոսքով, ծնված օրվանից ասում են՝ դու լավն ես, ու իրենց մեջ դա նստվածք է տալիս, սկսում են կարծել, որ իրենք շատ լավն են, յուրահատուկ են․ 

«Հետո, երբ գալիս է աշխատելու ժամանակը, ինքնուրույն մի բանի հասնելու ժամանակը, սկսում են հասկանալ, որ շատ բանի չեն հասել, քանի որ սկզբից ևեթ ասել են, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է: Ես աշխատանքի ընդունելու հարցազրույցների ընթացքում շատ եմ տեսել այդպիսի տղաների, որոնք չեն էլ հասկացել, թե ինչու իրենց այդպես էլ ոչ ոք չի ընդունում գործի: Այսօր, եթե աղջիկը գալիս ու ասում է, որ այս բանը գիտի, ուրեմն վստահ է, որ գիտի, ունի փորձ, երբեք իրեն չի գովում, նպատակասլաց է, գիտի, թե ինչի է ուզում հասնել։ Տղաները խառնված են, մաման ասել է՝ լավն ես, գալիս են այստեղ՝ ասում ենք՝ լավը չես»:

Չկա այնպիսի ոլորտ, ըստ Հյուսյանի, որտեղ չես կարող հաջողել․ «Ցանկացած ոլորտում ցանկացած մարդ, եթե զգում է իր մեջ պոտենցիալ, կարող է հաջողել: Այսօր աշխարհում աղջիկները ուղղորդված չեն ամուսնանալու, երեխա ունենալու ու դրանով բավարարվելու։ Դա երբեք չպետք է լինի կյանքի միակ նպատակը, եթե իհարկե դա մարդու անձնական ընտրությունը չէ»:

Գեղեցիկ Ոսկանյան