25 հունիս, 2020 19:47

Իրավաբանների հակադիր տեսակետներ՝ ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին

Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին որոշման նախագիծը։ Սահմանադրակա՞ն էր արդյոք որոշումը․ կարծիքները տարբեր են։ Իրավական համայնքում, մասնավորապես, մեծամասամբ կարծում են, որ հարցը իսկապես խնդրահարույց է։ 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով՝ իշխանությունն ընտրել է փոփոխություններին հասնելու վատագույն ճանապարհը։ Սահմանադրության փոփոխություն կատարելու դեպքում սահմանադրությունը ուղղակիորեն նախատեսում է սահմանադրական նախնական վերահսկողություն, այսինքն՝ նախքան նախագծի ընդունումը, ՍԴ-ն պետք է եզրակացություն տա՝ դա համապատասխանում է սահմանադրությանը, թե ոչ։ Եվ այս պատի շրջանցումը, ըստ Զոհրաբյանի, պարզապես անթույլատրելի է։

«Եթե, օրինակ, գործող իշանությունը գնար նոր սահմանադրություն ընդունելու ճանապարհով, ընդ որում դա կարող էր անել դեռևս 2018 թվականից, Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությունից կարող էր հանգիստ խուսափել։ 

Հիմա ստացվում է, որ իշխանությունը գնում է այս ճանապարհով, իմ կարծիքով, ուղիղ անթույլատրելի եղանակով շրջանցելով օրենսդրական արգելքները, որ, ըստ իս, լուրջ ցնցումների է տանելու է մեզ, և միջազգային հարթությունում ՀՀ-ի վարկանիշին է հարվածելու»,- կարծում է Զոհրաբյանը։

Իրավաբան Արտյոմ Գեղամյանը գտնում է, որ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պահը կորսված է։ Անդրադառնալով որոշմանը՝ Գեղամյանը մեջբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հատված (82-րդ կետը), համաձայն որի՝ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ նախագիծը ներկայացվել էր ավելի վաղ կամ միաժամանակ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու պահի համեմատությամբ, այսինքն ԱԺ-ն չի սպասել հանձնաժողովի կարծիքին։ Այնուամենայնիվ, Գեղամյանը նշում է, որ որոշումը՝ բովանդակության առումով, համապատասխանում է եվրոպական կիրառելի սկզբունքներին։

«Առաջին հերթին խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական համակարգի ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետներին։

2015 թվականի սահմանադրության անցումային դրույթներով՝ մասնավորապես 216 հոդվածի կիրառման հետևանքով, ստեղծվել է մի իրավիճակ, որ 2015-ի սահմանադրությունով ամրագրված սահմանադրական դատարանի մոդելը հնարավոր է կյանքի կոչել ոչ շուտ, քան 2030-ական թվականները։ Բնականաբար Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ այս ժամկետը ողջամիտ չէ, և կառավարությունը ունի լեգիտիմ շահ, լեգիտիմ նպատակ, որպեսզի սահմանի ավելի ողջամիտ ժամկետ», - բացատրում է Արտյոմ Գեղամյանը։

Ընդունման ընթացակարգի տեսանկյունից, սակայն, որոշումը հակասում է Հայաստանի Հանրաետության սահմանադրությանը։ Գեղամյանը նույնպես կարծում է, որ կառավարությունը պարտավոր էր ստանալ ՍԴ եզրակացությունը։ 

Գործընկերների կարծիքը այնքան էլ չի կիսում իրավաբան Տիգրան Եգորյանը։ Ըստ նրա՝ փոփոխությունների ընդունումը շատ կաևոր և որոշակիորեն ուշացած քայլ էր։

«Այս փոփոխությունները չեն կարող սահմանադրությանը հակասող ճանաչվել, քանի որ դրանք կարևոր ճգնաժամ են լուծում Հայաստանի Հանրապետության կյանքում։ Այս լուծումը, ըստ էության, այն լուծումն էր, որը ժողովրդի վստահությունը ստացած իշխանությունը պարտավոր էր իրագործել»,- ասում է Եգորյանը։

Եգորյանը նույնպես մեջբերում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ասելով, որ դա նույնպես վկայում է, որ որոշումը իրավացի էր։

Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումի արդյունքում Սահմանադրական դատարանը որոշի, որ ԱԺ-ի որոշումը հակասում է սահմանադրությանը։ 

Պարզ չէ, թե ինչպիսի դիմումով է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան կամ դիմելու է, թե ոչ, Լուսավոր Հայաստանը՝ հայտարարություն է արել, համաձայն որի պատրաստվում է դիմել ՍԴ՝ նշելով որոշակի ժամկետ․ այս մասին խոսեց Արտյոմ Գեղամյանը՝ նշելով, որ երկու կուսակցությունների ձայները առանձին-առանձին բավարար չեն ՍԴ դիմելու համար, ուստի նրանց անհրաժեշտ է որոշակի համագործակցություն։

Սահմանադրական դատարան դիմելու համար անրաժեշտ է պատգամավորների  մեկ հինգերորդը։

«Ի վերջո Սահմանադրական մարմիններ են ինչպես Ազգային ժողովը, այնպես էլ Սահմանադրական դատարանը, բայց այս վեճը պետք է իր տրամաբանական ընթացքը ստանա։ Այսինքն մենք՝ շարքային քաղաքացիներս, պետք է հասկանանք, թե այս վեճը ինչպես է լուծվում և, ամենակարևորը, իրավական ճանապարհով»,- ասում է Արա Զոհրաբյանը։ 

Իրավաբան Էդգար Շաթիրյանն այս մասին ասում է․ «Պատգամավորների մեկ հինգերորդը չի կարող դիմել փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով, որովհետև դա չի բխում սահմանադրության 168 հոդվածի կարգավորումներից, իսկ եթե փորձեն հիմնավորել, խոսքը վերաբերում է իրավական ակտերի սահմանադրակաությունը որոշելու հարցով ՍԴ դիմելուն, պետք է նշել, որ սահմանադրության փոփոխություններն իրենց բնույթով ոչ օրենք են, ոչ էլ Ազգային ժողովի որոշում, հետևաբար այս հարցով ՍԴ դիմելը առնվազն խնդրահարույց է այս ասպեկտով։ Եթե խոսքը վերաբերում է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում կատարված փոփոխություններին ու լրացումներին, որի համապատասխան օրենքն արդեն ստորագրվել է հանրապետության նախագահի կողմից, որով նախատեսվում է մասնավորապես, որ սահմանադրության փոփոխությունները հրապարակելու է Ազգային ժողովի նախագահը յոթօրյա ժամկետում, ապա՝ այո՛, սա օրենք է, և օրենքի սահմանադրականության հարցով պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը միանշանակ կարող է դիմել ՍԴ»։

ՍԴ որոշումները թե՛ ակտի սահմանադրականության հարցով, թե՛ սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների հետ կապված վեճերով, ենթակա են ընդունման դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն, եթե դատավորների թիվը ինն է, առնվազն հինգ ձայնով հնարավոր է համապատասխան որոշման ընդունումը։

Սաթենիկ Հակոբյան