25 հունիս, 2020 13:40

Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. մեղադրվում է նաև 5 մլրդ դրամից ավելի հարկեր չվճարելը կազմակերպելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար։

Ըստ հաղորդագրության՝ գործարար Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը հունիսի 25-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար, որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5 678 764 260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը:

***

2018-ի հոկտեմբերին 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով ձերբակալվեց, ապա կալանավորվեց գործարար Սամվել Մայրապետյանը։ Մեկ այլ գործարար Սիլվա համբարձումյանը հայտարարել էր, որ այդ գումարը տվել է Մայրապետյանին երկրի ղեկավարությանը՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Արմեն Գևորգյանին փոխանցելու համար։ 2018-ի հոկտեմբերից մինչ 2019-ի դեկտեմբեր Մայրապետյանը գտնվում էր կալանքի տակ։ Հետագայում գրավով ազատ արձակվեց, և ՀՔԾ-ն թույլ էր տվել գործարարին երկրից դուրս գալ ու բուժում ստանալ Գերմանիայում։ Այս տարվա մարտի 3-ին պարզվեց, որ Մայրապետյանը խուսափել է ներկայանալ ՀՔԾ։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մարդիկ, որոնք հասու չեն Հայաստանի իրավապահներին