25 հունիս, 2020 14:29

Որոշել ենք հետ վերցնել Սահմանադրական դատարանից մեր դիմումները․ Քոչարյանի փաստաբան

Որոշում ենք ընդունել Սահմանադրական դատարանից մեր դիմումները հետ վերցնելու վերաբերյալ․ այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Օրբելյանի խոսքով՝ որոշումը կայացրել են Ազգային ժողովում ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով:

«Այդ փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական երկու խմբակցությունները ասել են, որ «դրանք ամբողջությամբ ապօրինի են», սակայն խմբակցություններից մեկը պարոն Քոչարյանի գործը հայտարարեց որպես պառլամենտարիզմը պաշտպանելու նախապայման», - ասաց նա:

«Մենք որոշեցինք հետ վերցնել մեր երկու դիմումները, որոնք վերաբերում էին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համապատասխանությանը սահմանադրությանը: Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտը քննարկում ունեցանք, նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ պետք է լինեն, ապա ինքը պահանջելու է, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները», - ասաց Օրբելյանը:

Փաստաբանը շեշտեց՝ Քոչարյանի պահանջն ու խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին, սահմանադրության հետ կապված գործընթացներում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել:

«Այս գործընթացը դիտարկել բացառապես պառլամենտական ֆրակցիաների իրավասության շրջանակներում», - հայտարարեց Օրբելյանը։

***

Հունիսի 22-ին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ էր անցկացվել, որի օրակարգում վերջին պահին ավելացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը: Քոչարյանի պաշտպանների դիմումը վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը: ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։

Ընդունված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատասխանել է, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո: