25 հունիս, 2020 17:45

Սա ֆոկուս է և ունի քաղաքական նպատակ. Լուսավոր Հայաստանի պատասխանը Քոչարյանի փաստաբաններին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, արձագանքելով երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ՍԴ-ից դիմումը հետ վերցնելու հայտարարությանը, նշում է, որ դա քաղաքական քայլ է, և որևէ կապ չունի Սահմանադրակա դատարանում գործի քննության հետ

«Այդ գործը քննվելու է ՍԴ-ում, քանի որ առաջին ատյանի դատարանն էլ է դիմել նույն հարցով ՍԴ: Սահմանադրական դատարանը դատարանի և պաշտպանական կողմի դիմումի հիման վրա է գործի քննության օր նշանակել: ՍԴ-ն միավորել է այդ երկու դիմումը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին այնուամենայնիվ քննելու է Ռոբերտ Քոչարյանի դիմումը, որը վերաբերում է Քրեական օրնսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցին:

«Փաստաբանների հայտարարությունն առ այն, որ իրենք դիմումը հետ են վերցնում, չի նշանակում, որ գործը ՍԴ-ում չի քննվելու: Ուստի մենք, չցանկանալով խանգարել այդ գործընթացին և նպատակ ունենալով այն զերծ պահել քաղաքական ազդեցություններից, կդիմենք Սահմանադրական դատարան հուլիսի 7-ից հետո: Մենք դրել ենք այս պայմանը, քանի որ գտնում ենք՝ հակասահմանադրական գործըթացների սահմանադրականությունը վիճարկելու հարցը մաքուր իրավական գործընթաց է: Որևէ քաղաքական գործիչ չպետք է այն շահարկի»,- ասաց նա:

Նրա գնահատմամբ՝ Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից դիմումը հետ վերցնելով և գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտ նետելով, ցանկանում են քաղաքական աստառ տալ գործընթացին, ինչը, Տարոն Սիմոնյանի գնահատմամբ, անթույլատրելի է: «Երկու փաստաբաններն էլ շատ լավ գիտեն, որ դիմումը հետ վերցնելով՝ գործը չի դադարում քննվել ՍԴ-ում: Հետևաբար իրենց կատարած հրապարակային քայլը քաղաքական նպատակ ուներ և իրավաբանության հետ կապ չուներ», - ասաց Տարոն Սիմոնյանը:

Իր հերթին, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Քոչարյանի փաստաբանները մոլորության մեջ են գցում հանրությանը և խաբում են: «Ասել, որ դիմումը հետ ենք վերցնում ու այժմ «Լուսավոր Հայաստանի»՝ ՍԴ դիմելու նախապայմանը չկա, սուտ է»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ եթե այսօր ՍԴ-ն Քոչարյանի դիմումը քննի, երեկոյան որոշում կայացնի, իրենք հունիսի 26-ին կդիմեն Սահամանդրական դատարան:

Հետևաբար, նրա կարծիքով, այս «ֆոկուսն ուրիշ բանի համար է»: «ՍԴ դիմելու վերաբերյալ մեր հայտարարությունից հետո քարոզարշավ է սկսվել «Լուսավոր Հայաստանի» դեմ: Այժմ մեր նկատմամբ տեղի են ունենում հայհոյախոսություն, շանտաժ ու վիրավորանքներ: Երեկ այդ ալիքը ստացել է իր կուլմինացիան, որն այսօր պետք է նվազեր, սակայն մարդիկ մտածել են նոր աճպարարություն, որ երկրորդ ալիք լինի: Նպատակը մեզ վարկաբեկելն է: Ընդդիամդիր դաշտը վարկաբեկման միջոցով ազատելն է, որպեսզի իրենք կարողանան իրենց տեղը գտնեն այնտեղ: Իրենք հասկանում են, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցնողը հաջորդ իշխանությունն է: Քանի որ իրենք ուզում են հետ գան, լինեն հաջորդ իշխանությունը, ցանկանում են ազատել ընդդիմադիր դաշտը», - ասաց Էդմոն Մարուքյանը:

#CivilNet #News