26 հունիս, 2020 15:31

Եթե առաջնորդվենք վարկանիշը բարձր պահելու սկզբունքով, բարեփոխումները այդպես էլ չեն իրականանա․ Մակունց

2018-ի մայիսից սկսած՝ բավական բաց դաշտ է եղել համագործակցության առումով, և եղել են բոլոր հնարավորությունները համագործակցային նոր էջից սկսելու, շարունակելու Հայաստանը որպես պետություն ուժեղացնելու աշխատանքները։ Այնուամենայնիվ, կան որոշակի արժեքային հենասյուներ, որոնք մենք շատ էական և կարևոր ենք համարում, և այդ բաց ու համագործակցային լինելը բացառապես արժեքների շուրջ է․ ՍիվիլՆեթի տաղավարում ասում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Մակունցն ընդգծում է, որ կառավարությունում ի սկզբանե ներգրավված են եղել ներկայացուցիչներ թե՛ «Բարգավաճ Հայաստանից», թե՛ «Լուսավոր Հայաստանից»։ Անդրադառնալով այն էական արժեքներին, որոնց շուրջ են միայն տեսնում համագործակցությունը, Մակունցը նշեց զրո հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ։ 

Հարցին, թե մի՞թե մինչ այժմ չէին տեսել ընդդիմության կողմից որևէ կոռուպցիոն գործողություն, պատգամավորը պատասխանեց․ «Իրավական պետություն կառուցելու ճանապարհին, ես ինքս իմ տեսածը պետք է կարողանամ ապացուցել փաստերով և դատարանի միջոցով հասնել արդարության։ Դա դժվար է, հեշտ չէ, և այստեղ շատ գործ ունեն անելու իրավապահ մարմինները։ Այն պարագայում, երբ արդեն ի հայտ եկան որոշակի ապացույցներ՝ ինչ-ինչ հանգամանքներում, բոլորովին այլ գործի շրջանակներում՝ ընտրակաշառքի վերաբերյալ, իրավապահ մարմիններրը գործընթաց սկսեցին։ Այսինքն ճանապարհը բացառապես սա է՝ անկախ նրանից, թե մենք ինչքան դեպքերի ենք ականատես եղել»։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, կարծես թե, կարգավորվում է։ Իշխանական խմբակցության ղեկավարն ասում է՝ այդ ճանապարհին են։

Արդյոք իշխանությունն իր գործողությունների արդյունքում իջեցնո՞ւմ է իր վարկանիշը․ Լիլիթ Մակունցը հակված է չմտածել այդ մասին։

«Ես կարծում եմ, որ հեղափոխական թիմը առավել ևս պետք է միայն մտածի, թե ինչի համար է եկել իշխանության և ինչ նպատակներ ունի, աշխատել այդ ուղղությամբ։ Նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ բարեփոխումներ իրականացնելիս, հնարավոր է, որ դրանք ցավոտ լինեն, եթե մենք առաջնորդվենք վարկանիշը բարձր պահելու սկզբունքով, ապա այդ բարեփոխումները այդպես էլ չեն իրականանա»։ 

 Սաթենիկ Հակոբյան