26 հունիս, 2020 13:29

Քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որևէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու. Բադասյան

Արարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների շուրջ հայտարարություններին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որևէ աղերս չունեն։

Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որևէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․ դրանք անիմաստ փորձեր են։ 

Երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․ որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է նաև այդ պայքարի մակարդակի մասին։

Սահմանդրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը»,- գրել է Ռուստամ Բադասյանը։

***

Հունիսի 26-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի 9-հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան):

Հունիսի 25-ին ՍԴ չորս դատավորներ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հայտարարություն են տարածել՝ նշելով․ «Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման»։

Նույն օրը Ռուստամ Բադասյանը, Սիվիլնեթի հարցմանն ի պատասխան, նշել է․ «Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն, և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»։

#Սիվիլնեթ #Լուրեր